Մատչելիության հղումներ

Թուրք-ֆրանսիական ճգնաժամը խորանում է


Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանյուել Մակրոնը, արխիվ
Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանյուել Մակրոնը, արխիվ

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև առաջացած լարվածությունը հետզետե սրվում է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է բառիս բուն իմաստով վիրավորել ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնին:

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պետք է հստակ քայլեր ձեռնարկի երկրում իսլամիստների ակտիվությունը զսպելու համար: Դրան հաջորդել է մոլեռանդ երիտասարդի կողմից պատմության ուսուցչին գլխատելու աղաղակող դեպքը, որը ցնցել է ամբողջ Ֆրանսիան:

Մակրոնը խստորեն դատապարտել է այդ հանցագործությունը: Նրա քննադատությունը Թուրքիայի ղեկավարին զայրացրել է, Էրդողանն ասել է, թե Եվրոպայում «ֆաշիստներն» արշավ են սկսում իսլամի դեմ, և դրա հետևանքով էլ Եվրոպան կկործանվի, ապա Մակրոնի հասցեին վիրավորական ու հեգնական արտահայտություններ է հնչեցրել, մասնավորապես ասելով, թե Ֆրանսիայի նախագահը հոգեբույժի կարիք ունի:

Ի պատասխան՝ Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչել Անկարայում Ֆրանսիայի դեսպանին:

Լարվածությունը տեղափոխվել է առևտրի ասպարեզ՝ Ֆրանսիայում հնչեցրել են թուրքական արտադրանքը բոյկոտելու կոչեր: Էրդողանն անմիջապես դրան արձագանքել է:

«Կոչ եմ անում իմ բոլոր քաղաքացիներին՝ ինչպես նրանք են ասում «մի գնեք թուրքականը», մենք էլ պետք է երբեք չօգնենք ֆրանսիական ընկերություններին և պետք է չգնենք ֆրանսիական ապրանքը», - ասել է Էրդողանը:

Էրդողանին տհաճություն է պատճառում Հունաստանի, Կիպրոսի և եվրոպական մի շարք երկրների, այդ թվում Ֆրանսիայի կոշտ քննադատությունը, որին արժանացել է գազի պաշարներ որոնելու նպատակով թուրքական հետազոտական նավեր Միջերկրական ուղարկելու Անկարայի որոշումը:

Բացի այդ, նրան վրդովեցրել են Մակրոնի խոսքերն այն մասին, որ Թուրքիան սադրիչ հայտարարություններով և գործողություններով յուղ է լցնում Լեռնային Ղարաբաղի պատերազմի կրակի վրա:

Եվրամիությունն արձագանքել է Էրդողանի ագրեսիվ կեցվածքին: «Եթե շարունակվեն այս լարվածությունը և սադրանքները Եվրամիության ու դրա անդամ երկրի նկատմամբ, մենք ստիպված կլինենք քննարկել պատասխանը և պատրաստվել Եվրոպական խորհրդի նիստին, դրա ժամկետը Եվրոպական խորհրդի նախագահը կորոշի», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն:

Մինչդեռ, Europe1 ռադիոկայանը հաղորդել է, որ Փարիզում քննարկում են Թուրքիային պատժելու հնարավորությունը:

Նախ, Ելիսեյան պալատը կարող է մշակել տնտեսական պատժամիջոցներ, Ֆրանսիան կարող է ակտիվացնել ռազմական ներկայությունը Միջերկրականի այն հատվածում, որտեղ թուրքերի ռազմածովային ուժերն առավել ակտիվ են, և, վերջապես, Ֆրանսիայի ներսում պատկան ծառայությունները կխստացնեն հսկողությունը թուրքական ազդեցությունն իրականացնող միությունների և կառույցների վրա:

«Մենք չենք ընդունում և երբեք չենք ընդունի ատելության լեզուն», - ասել է Էմանյուել Մակրոնը:

XS
SM
MD
LG