Մատչելիության հղումներ

Սեուլում բանակցել են Հարավային Կորեայի և Ռուսաստանի արտգործնախարարները


Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավային Կորեայում, Սեուլ, 25 մարտի, 2021թ.
Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավային Կորեայում, Սեուլ, 25 մարտի, 2021թ.

Սեուլում տեղի են ունեցել Հարավային Կորեայի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Չուն Իյ Յոնի և Սերգեյ Լավրովի բանակցությունները:

Նախարարները համատեղ ասուլիսում հայտարարել են, որ երկու պետությունները կշարունակեն համագործակցությունը Կորեական թերակղզում՝ խաղաղության գործընթացն առաջ տանելու համար:

«Մենք հատուկ ընդգծել ենք Հյուսիսարևելյան Ասիայում, այդ թվում՝ Կորեական թերակղզում խաղաղությունը և կայունությունը պահպանելու կարևորությունը: Սա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է հրաժարվեն սպառազինությունների մրցավազքից և որևէ տեսակի ռազմական ակտիվությունից»,- ասել է Լավրովը:

Հարավային Կորեայի արտգործնախարարը գովեստով է խոսել Կորեական թերակղզու կայունությանը նպաստելու Մոսկվայի գործադրած ջանքերի մասին և դատապարտել է վերջերս Հյուսիսային Կորեայում իրականացված զենքի փորձարկումները:

Հյուսիսային Կորեան անցած շաբաթավերջին երկու հրթիռ է փորձարկել: Այդ փաստն արձանագրել է Ճապոնիայի առափնյա պաշտպանության ծառայությունը:

«Ես խորը մտահոգություն են հայտնում Հյուսիսային Կորեայում կարճ հեռահարության հրթիռներ փորձարկելու կապակցությամբ, մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում՝ Կորեական թերակղզին միջուկազերծ դարձնելու համար»,- ասել է Չուն Իյ Յոնը:

Անդրադառնալով Մոսկվայի և Սեուլի հարաբերություններին՝ արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է, որ երկու երկրները պայմանավորվել են հնարավորինս արագ կազմակերպել նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հարավային Կորեա այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակը կնահանջի:

XS
SM
MD
LG