Մատչելիության հղումներ

Իտալացի մի խումբ գործիչներ կոչ են անում Ադրբեջանին՝ ազատել հայ գերիներին


Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները, 14-ը դեկտեմբերի, 2020թ.

Իտալացի մի խումբ գործիչներ, այդ թվում՝ իտալահայ արվեստագետները կոչ են արել Ադրբեջանին՝ ազատ արձակել գերության մեջ գտնվող հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, հայտնում է իտալական Avvenire պարբերականը։

Վկայակոչելով միջազգային Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ նրանք ընդգծել են, որ ադրբեջանական կողմում պահվում են ռազմագերիներ, այդ թվում՝ տարեց անձինք, ովքեր դաժան վերաբերմունքի ու բռնության են արժանանում:

Նրանք կոչ են արել Ադրբեջանին՝ «անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ Ժնևի կոնվենցիայի և ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն»:

«Սոցիալական ցանցերում հայ ռազմագերիներին նվաստացնող, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի տարածումը խորը անհանգստություն է առաջացնում: Բացի այդ, ռազմագերիների ու մյուս գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է համարվում»,- ասված է համատեղ հայտարարությունում:

Նշենք, որ երեկ էլ եվրախորհրդարանականներն էին համատեղ հայտարարություն տարածել՝ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

XS
SM
MD
LG