Մատչելիության հղումներ

Անկարան դժգոհ է Սիրիայի հյուսիսում ձեռնարկած ռուսական հարձակումների պատճառով


Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող «Բաբ էլ Հավա» սահմանային անցակետի մոտակայքում հրթիռակոծությունից հետո առաջացած ծուխը, 21-ը մարտի, 2021թ.
Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող «Բաբ էլ Հավա» սահմանային անցակետի մոտակայքում հրթիռակոծությունից հետո առաջացած ծուխը, 21-ը մարտի, 2021թ.

«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ Սիրիայի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների տապալման լուրջ վտանգ կա», - դիվանագիտական և ռազմական աղբյուրները վկայակոչելով՝ գրում է մոսկովյան «Կոմերսանտ»-ը։

Թերթի տեղեկություններով՝ Մոսկվայի և Անկարայի միջև վերջին օրերին ծագած դիվանագիտական լարվածության պատճառը Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված վերջին հարվածներն են։

Կիրակնօրյա հրթիռակոծությունների թիրախում էին հայտնվել Թուրքիայի հովանավորության ներքո գործող սիրիական խմբավորումները։

Ռուսաստանյան մամուլի տեղեկություններով՝ այդ հարվածների հետևանքով տուժել էին թուրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող մի շարք օբյեկտներ, մասնավորապես, Թուրքիայի հետ սահմանին տեղակայված «Բաբ էլ Հավա» սահմանային անցակետն ու դրա հարևանությամբ գտնվող ցեմենտի գործարանն ու բեռնատարների կայանատեղին։ Վերջինն, ըստ ռուսական աղբյուրների, Անկարայի աջակցությունը վայելող սիրիացի զինյալներն օգտագործում էին Թուրքիայի հետ մաքսանենգ առևտուր ծավալելու համար։

Օդային այս հարվածներից մոտ 24 ժամ անց Անկարան հարկ համարեց պաշտոնական բողոք ներկայացնել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով չսրել իրադրությունը Թուրքիայի սահմանների անմիջական հարևանությամբ։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկուշաբթի օրը երկրի Արտգործնախարարություն էր հրավիրվել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։ Նույն ժամերին Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբում ընդունել էին Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդին։ Երկու դեպքում էլ թուրքական կողմի ուղերձը նույնն էր։

«Անկարայում կայացած հանդիպումների ընթացքում թուրքական կողմը Ռուսաստանի ներկայացուցիչներին հայտնել է, որ այդ հարվածները սպառնում են այն շրջանների կայունությանն ու ավտանգությանը, որոնք ռուս-թուրքական համաձայնագրերի հիման վրա ընգրկվել էին դեէսկալացիայի գոտում», - հաղորդում են թուրքական աղբյուրները։

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում հատուկ անվտանգության գոտիներ ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ուղիղ մեկ տարի առաջ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ 2020 թվականի մարտի 5-ին, շուրջ վեց ժամ շարունակված բանակցությունների արդյունքում, Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել էին Իդլիբում հրադադար հաստատել՝ դրա պահպանմանը հետևելու առաքելությունը դնելով համատեղ թուրք-ռուսական պարեկային խմբերի վրա։

«Մենք միշտ չէ, որ մեր թուրք գործընկերների հետ համակարծիք ենք Սիրիայում կատարվող իրադարձություններին վերաբերող գնահատականներում։ Բայց ամեն անգամ, օրհասական պահերին՝ հիմնվելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վրա, մեզ հաջողվում է վիճելի հարցերի շուրջ շփման եզրեր գտնել՝ ի վերջո ընդունելի լուծումների հանգելով։ Դա տեղի ունեցավ նաև այս անգամ», - հայտարարել է Պուտինը 2020 թվականի գարնանը կայացած բանակցությունների ավարտին։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Մոսկվայում կնքված հրադադարը պահպանվեց ուղիղ մեկ տարի։ Իրադրությունը սկսեց լարվել շուրջ տասն օր առաջ, երբ հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվեց թուրքամետ զինյալների նավթային բիզնեսի համար նախատեսված ենթակառույցների մի զգալի մասը։

«Օրեր առաջ միայն Էլ Բաբ քաղաքի հարևանությամբ գտնվող նավթամթերքների շուկայի ռմբակոծության հետևանքով 180 նավթատար էր ոչնչացվել», - գրում է «Կոմերսանտ»-ը։

Թուրքական աղբյուրները պնդում են, որ այս գործողությունների հեղինակը Սիրիայի կառավարական բանակն է, որը փորձում է սիրիացի զինյալներին զրկել եկամտի գլխավոր աղբյուրից՝ իրենց ենթակայության տակ գտնվող շրջաններում արդյունահանված նավթը Թուրքիա արտահանելու հնարավորությունից։ Պաշտոնական Դամասկոսը այդ մեղադրանքները կտրականապես հերքում է՝ պնդելով, թե նավթատար մեքենաների և վառելիքի պահեստների ոչնչացումը զինյալների միջև ընթացող ներքին պայքարի, այլ ոչ թե Զինված ուժերի կողմից իրականացված համակարգված գործողությունների հետևանք է։

Անցած կիրակի օրը իրադրությունը Սիրիայի հյուսիսում էլ ավելի սրվեց, երբ սիրիական բանակը ռմբակոծեց զինյալների հսկողության տակ գտնվող Ալ Աթարիբ քաղաքի հիվանդանոցը՝ առնվազն հինգ մարդու մահվան պատճառ դառնալով։

Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ վերջին շաբաթներին Անկարան մի քանի անգամ դիմել է պաշտոնական Մոսկվային՝ կոչ անելով ազդել Բաշար Ասադի կառավարության վրա՝ հարձակումներին վերջ տալու նպատակով։ Արդյոք Մոսկվան կկատարի՞ Անկարայի խնդրանքը, դեռ հստակ չէ։ Միակ բանը, որ այս պահին առաջարկում է Մոսկվան թուրքական իշխանություններին, Իդլիբից խաղաղ բնակչության տարհանում կազմակերպելն է։

«Հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետության՝ Թուրքիայի Զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող շրջաններում ստեղծված ծանր հումանիտար կացությունը, հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը առաջարկում է վերսկսել Իդլիբի դեէսկալացիայի գոտում գտնվող «Սերաքաբ» և «Միզնազ» անցակետերի և Հալեպի նահանգի Էլ-Բաբ քաղաքի մոտ գտնվող «Աբու Զեյդին» անցակետի աշխատանքը։ Մարդասիրական բեռների շարժը և փախստականների ելքը առաջարկվում է սկսել մարտի 25-ից», - հայտարարում էր Սիրիայում տեղակայված ռուսական զորախմբի ներկայացուցիչ, ծովակալ Ալեքսանդր Կարպովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG