Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Արևմուտքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի արտգործնախարար Վան Ինը, 22-ը մարտի, 2021թ.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի արտգործնախարար Վան Ինը, 22-ը մարտի, 2021թ.

Ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Մոսկվան հայտարարում է Արևմուտքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին և փորձում է էլ ավելի խորացնել հարաբերությունները Պեկինի հետ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը կարող են նվազեցնել պատժամիջոցների ռիսկերը՝ հրաժարվելով արևմտյան վճարային համակարգերից: Նրա խոսքով՝ հարկ է նաև անցնել ազգային արժույթներով հաշվարկների, այլ ոչ թե օգտվել դոլարից։

Բացի այդ, նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ նրանք դասական դիվանագիտությունը թողած օգտագործում են բացառապես պատժամիջոցներն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար: «Մեզ պետք է նվազեցնել պատժամիջոցների ռիսկերը, անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին։ Պետք է հեռու մնալ Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից», - հայտարարել է Սերգեյ Լավրովը, ով երեկ մեկնել է Չինաստան:

Լավրովը ասում է, թե Միացյալ Նահանգներն ուզում է ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանն ու Չինաստանը չզարգանան և կոչ է արել ձևավորել երկրների լայն կոալիցիա, որոնք կարող են հակազդել «պատժամիջոցային դիվանագիտության ապօրինի պրակտիկային»: Ընդ որում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը կոչ է անում «նվազեցնել կախվածությունը Արևմուտքից»։

ԱՄՆ դոլարից հրաժարվելու և «Արևմուտքի ազդեցությունը նվազեցնելու» այլ միջոցների թեման պարբերաբար բարձրացվում է ռուս քաղաքական գործիչների կողմից։ Մարտի սկզբին Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն նշել էր, որ ռուսական տնտեսությունը պետք է նվազեցնի կախվածությունը արտարժույթից, սակայն հավելել էր, թե դոլարը չի վերանա Ռուսաստանում շրջանառությունից: Նույնատիպ հայտարարություն էր արել ավելի վաղ՝ փետրվարին, նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտարարելով, թե ԱՄՆ ֆինանսական համակարգից Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված նոր միջոցների ներդրման անհրաժեշտություն կա։ Սակայն ԱՄՆ-ի արժույթից Ռուսաստանի կախվածությունը նվազեցնելու համար կոնկրետ միջոցներ նա չի նշել։

Փորձագետները գրում են, որ Մոսկվան փորձում է ցույց տալ, թե չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից և հասկանալով, որ ուշ թե շուտ Վաշինգտոնը անելու է այնպես, որ Ռուսաստանը չկարողանա օգտվել ամերիկյան և միջազգային ֆինանսական համակարգերից, ինքն էլ հայտարարում է այդ համակարգերից հրաժարվելու ցանկության մասին, սակայն չգիտի՝ ինչպես դա անել։

Ռուսաստանցի փորձագետները վստահ են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում այսօր առկա ճգնաժամը գնալով միայն խորանալու է:

«Վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, թե ինչպիսին կլինի համաշխարհային քաղաքականությունն առաջիկա տարիներին՝ կոշտ սառը պատերազմ, փոխադարձ մեղադրանքներ, ագրեսիա, փոխզիջում գտնելու ցանկության բացակայություն», - ասում է պատմաբան Լեոնիդ Մլեչինը, հավելելով, թե այս հակամարտությունում Միացյալ Նահանգների համար հիմնական հակառակորդը Չինաստանն է, քանի որ միայն այդ երկրի մեջ են ամերիկացիները տեսնում մի ուժի, որը կարող է լուրջ հակադրվել Նահանգներին։

Վաշինգտոնը Մոսկվայի մեջ նման հակառակորդ չի տեսնում. Ռուսաստանն այսօր չունի Սովետական Միության հզորությունը, ասում են ամերիկացիները, բայց դրանից ռուս-ամերիկյան հարաբերությունները, փորձագետների կարծիքով, միայն վատանում են, քանի որ Բայդենը սկսել է նոր քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ, և ճնշումը զանազան պատժամիջոցների տեսքով միայն ուժեղանալու է։

Մոսկվան էլ թե՛ Պեկինի, թե՛ Վաշինգտոնին ընդդիմացող այլ մայրաքաղաքների հետ փորձում է խորացնել համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությունը, ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու համար։

Ի դեպ՝ մի շարք ռուսաստանցի փորձագետներ ահազանգում են, որ Թուրքիան լինելու է Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցներից մեկը Չինաստանի և Ռուսաստանի դեմ սառը պատերազմում, պաշտոնական Մոսկվան, սակայն, դեռևս հավատում է, որ կկարողանա իր կողմ քաշել Անկարային:

XS
SM
MD
LG