Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն այսօր վերադարձավ Մոսկվա


ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Անտոնովն այսօր վերադարձավ Մոսկվա:

Նա հետ է կանչվել «հրատապ խորհրդակցությունների համար» այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին հարցազրույցներից մեկում դրական է արձագանքել այն հարցին, թե «արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդասպա՞ն է»:

Պուտինը Բայդենի մեկնաբանությանը պատասխանել է նրան առողջություն մաղթելով և ակնարկելով, թե «ով ինչ էություն ունի՝ այդպես էլ ուրիշին է որակում»:

Բայդենի հարցազրույցին նախորդել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի զեկույցի հրապարակումը:

Այդ փաստաթղթում ամերիկյան հետախուզական կառույցի փորձագետները նշել են, որ «Ռուսաստանի գաղտնի ծառայությունները՝ նախագահ Պուտինի հրահանգով, միջամտել են ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններին, նպատակ ունենալով վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին և սատարել հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփին, խարխլել հանրության վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ և սոցիալական-քաղաքական պառակտում սերմանել Միացյալ Նահանգներում»:

Կրեմլն անմիջապես հերքել է այդ մեղադրանքները, պնդելով, թե չի միջամտել ոչ 2016 թվականի, ոչ էլ անցյալ տարվա ամերիկյան ընտրություններին:

Մոսկվան քննադատել է Բայդենի մեկնաբանությունը և «խորհրդակցությունների համար հետ է կանչել դեսպանին», ինչը դիվանագիտության ասպարեզում խիստ վրդովմունք արտահայտելու միջոցներից է:

Նախքան Նյու Յորք-Մոսկվա չվերթ իրականացնող օդանավ բարձրանալը, դեսպան Անտոնովն ասել է, որ Ռուսաստանում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ավելացնելով, որ իր օրակարգում արդեն նշանակված են մի շարք հանդիպումներ:

«Ռուսական կողմը միշտ ընդգծել է, որ մենք շահագրգռված ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները զարգացնելով ճիշտ այնքան, որքան շահագրգռված են մեր ամերիկացի գործընկերները»,- ասել է դեսպանը:

Մոսկվան հազվադեպ է դիմում դեսպաններին հետ կանչելու միջոցին: Վերջին անգամ Ռուսաստանի դեսպանը՝ ի նշան բողոքի, Միացյալ Նահանգներից հետ է կանչվել 1998 թվականին, այն բանից հետո, երբ արևմտյան ուժերը սկսել են ռմբահարել և հրթիռակոծել Իրաքը:

2014 թվականին՝ երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, թե «Ղրիմի բռնազավթումն անհետևանք չի մնա», Պուտինը զերծ է մնացել դեսպանին հետ կանչելուց, ասելով, թե «դա եղած գործիքակազմում վերջին միջոցն է»:

XS
SM
MD
LG