Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն գլխավոր դատախազություն։ Այս մասին հաղորդում է Արմեն Թաթոյանի գրասենյակը:
Ըստ հաղորդագրության` նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից:
«Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով: Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ դրանք գրեթե բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ», - նշում է ՄԻՊ գրասենյակը։
Արձանագրում են նաև, որ սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Պաշտպանին ուղղված վիրավորանք, ատելություն և բացահայտ անհարգալից վերաբերմունք պարունակող, ցինիզմով արված հրապարակումներ, որոնք կատարել են հանրային տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք: Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ:
Ուսումնասիրությունը վեր է հանել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին ուղղված վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: