Մատչելիության հղումներ

«Սա անթույլատրելի է». ՄԻՊ-ը, իրավապաշտպանները, լրագրողական կազմակերպությունները, դատապարտում են նախարարի արարքը


Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, արխիվ

Կառավարությունից հայտնում են՝ այս պահին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի պաշտոնանկության մասին որևէ խոսք չի գնում: Գործադիրից այս պնդումն արվում է անգամ այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպանները, լրագրողական կազմակերպությունները, պաշտոնյաները դատապարտում են նախարարի արարքը, որը երեկ հարվածել էր լրագրողին:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանին հարվածելուց բացի նախարար Հակոբ Արշակյանը նաև նրա համակարգիչն է կոտրում։ Լրագրողը նախքան միջադեպը սրճարանում մոտեցել էր նախարարին, տեսախցիկը միայն նախարարի ուղղությամբ պահել, հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում: Որից րոպեներ անց տեղի էր ունեցել միջադեպը:

«Հարց եմ ուղղել նախարարին, թե ի՞նչ գործ ուներ ինքը աշխատանքային ժամին սրճարանում: Նախարարն իմ հարցին ի պատասխան հայտնեց, թե ինքը գիշերներն է աշխատում: Ես հստակեցնող հարց տվեցի, թե Հայաստանում աշխատանքային ժամ կա, այն ֆիքսված է, և հետևաբար այս պահը աշխատանքային է համարվում, ինչո՞ւ է վերջինս գտնվում, այդ պահին Հակոբ Արշակյանը խնդրեց, որ շարունակի իր ճաշը, ես բնականաբար, ասացի՝ այո, իհարկե, ուղղակի իմ հարցին պատասխանեք: Նա ասաց, որ հարցին պատասխանել եմ, վերջացրեցի՞ք և տեսախցիկն անջատեց: Հետո երբ որ ես փորձեցի բարձրանալ երրորդ հարկ, քանի որ գտնվում էինք այնտեղ գործընկերոջս հետ, իսկ իրենք նստած էին սրճարանի առաջին հարկում, ինքը իմ հետևից ասաց, թե դու այսօրվա օրը լավ հիշիր, ես ասացի՝ ես հիշում եմ և եթե նախարար եք, դա դեռ չի նշանակում, որ պետք է իմ հետ այդպես խոսեք, հակադարձեց, թե չնախարար լինելով էլ կարող է այդպես խոսել: Ես բարձրացել եմ վերև, Հակոբ Արշակյանը վերև բարձրանալով հարցնում է՝ Փայլակը որտեղ է, որովհետև ես ներկայացել էի իրեն, լրատվամիջոցն էի ներկայացրել, և միանգամից տեսնելով ինձ բռունցքով հարվածեց դեմքիս, և տեսանյութը տարածված է, ինքներդ ևս տեսել եք, վնասեց իմ գույքը, այդ ընթացքում վնասվեց նաև իմ ձեռքը: Ամբողջ միջադեպն այսքանը չէր, այդ ընթացքում նաև որոշակի հայհոյանքներ կային, ինչը սրճարանի ներսում գտնվող հաճախորդներին, բնականաբար, դուր չեկավ, ավելին, նրանցից մեկը դուրս եկավ նախարարի հետևիս և ասաց, որ չես տեսնում նստած ենք, ինչու ես քեզ այսկերպ պահում և այլն», - պատմեց Փայլակ Ֆահրադյանը:

Լրագրողի պնդմամբ՝ ինքը միայն կատարել է լրագրողական պարտականությունները, որևէ վիրավորական խոսք, հայհոյանք իր կողմից չի հնչել. «Այդ տեսանյութերն արդեն իսկ իմ կողմից հանձնվել են ոստիկանություն, որտեղ ես հաղորդում եմ ներկայացրել երեկ հանցագործության մասին և բնականաբար ոչ միայն այդ տեսանյութը, այլ նաև այն տեսանյութը, որը հասցրել է իրականացնել իմ գործընկեր Տաթև Այվազնն, ով այդ պահին գտնվում էր իմ հետ: Դուրս գալուց ևս նախարարը շարունակում էր վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Այդ տեսանյութը ևս առկա է»:

Հակոբ Արշակյանը տեղի ունեցածից մի քանի ժամ անց հայտարարեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր և լրագրողի միջև միջադեպի կապակցությամբ: Չհստակեցրեց, սակայն, թե ինչն է իր պահվածքի պատճառը: Ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք։ Լրագրողին հարվածած նախարարը նաև հայտարարում է, թե դեմ է բռնությանը։

«Եթե նախարարն այդպիսի պատմության մեջ է ընկնում, ինքը պետք է հրաժարական տա, որովհետև սա որևէ կերպ համատեղելի չէ այն էթիկական, բարոյական և մի շարք այլ նորմերին, որին պետք է հետևի բարձրաստիճան պաշտոնյան», - նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ սա աննախադեպ երևույթ է, իրենց տարիների դիտարկումների ընթացքում չեն արձանագրել դեպք, երբ կառավարության անդամը նման միջադեպի մեջ հայտնվի:

«Սա ուղղակի պետք է բացառել, և կարծում եմ՝ սա պետք է ունենա իր հետևանքները, և քաղաքական առումով, կարծում եմ, կառավարությունը իր դիրքորոշումը պետք է արտահայտի: Այն կուսակցությունը, որին որ պատկանում է Հակոբ Արշակյանը, իր դիրքորոշումը պետք է արտահայտի», - ասաց Մելիքյանը:

Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնյայի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը, սա էլ օմբուդսմենի կարծիքն է։ Արման Թաթոյանը ընդգծում է. «Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս ընդգծում է՝ բացարձակ անթույլատրելի է լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը։

«Տոնայնությունը, որով խոսում են լրագրողների հետ, էդ վերաբերմունքը որին արժանանում են լրագրողները, սա ցանկացած պարագայում անթույլատրելի վերաբերմունք է: Ծեծի պարագայում, բռնության պարագայում ո՛չ Ալեն Սիմոնյանը, ո՛չ Սասուն Միքայելյանը, վստահ եմ նաև ո՛չ Արշակյանը պատասխանատվության չեն ենթարկվելու: Սա նշանակում է, որ եթե դու զբաղեցնում ես որոշակի պաշտոն և քաղաքական թիմի անդամ ես, դու պատասխանատվությունից կարող ես խուսափել: Սա անթույլատրելի է», - ասաց Կարապետյանցը:

Նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։

XS
SM
MD
LG