Մատչելիության հղումներ

Թբիլիսին պնդում է՝ Բրյուսելի միջնորդությամբ բանակցությունները տապալվել են Սաակաշվիլիի պատճառով


«Վրացական երազանք»-ի առաջնորդ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Բրյուսելի հատուկ բանագնացի միջնորդությամբ բանակցությունները տապալվել են «Կիևից վերահսկվող ընդդիմադիրների պատճառով»։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

«Ներկայացվել են վերջնագրեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախատեսում էին օրենքի գերակայության սկզբունքի ոտնահարում։ Բնականաբար, նման վերջնագրերը միանգամայն անընդունելի են երկխոսության գործընթացում», - հայտարարել է Վրաստանի իշխող ուժի ներկայացուցիչը՝ պնդելով, որ ընդդիմությանը ուղղորդել և ընդհանուր հայտարարի գալու հարցում խոչընդոտել է Կիևում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Պաշտոնական Բրյուսելի հանձնարարությամբ ու նախաձեռնությամբ Թբիլիսի էր ժամանել Եվրամիության բանագնաց Քրիստիան Դանիելսոնը՝ օգնելու երկրի ընդդիմությանն ու իշխանությանը՝ ելքեր գտնել ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Շուրջ մեկ շաբաթ տևած բանակցությունները երեկ ուշ գիշերին ավարտվեցին ապարդյուն։

Արդեն չորս ամիս է Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողանում ներքաղաքական ճգնաժամի հանգեցրած տարաձայնությունները ինքնուրույն հաղթահարել։

Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել, պնդելով, որ հերթական անգամ մեծամասնություն ստացած «Վրացական երազանքը» կեղծել է քվեարկությունը։

Լարվածությունը իր գագաթնակետին հասավ շաբաթներ առաջ, երբ իրավապահները գրոհեցին երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության «Ազգային միացյալ շարժման» գրասենյակն ու կալանավորեցին կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։

XS
SM
MD
LG