Մատչելիության հղումներ

Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Նիկա Մելիային՝ գրոհելով նրա կուսակցության գրասենյակը


Վրաստան - Ոստիկանները ցուցարարի են ձերբակալում, Թբիլիսի, 22-ը փետրվարի, 2021թ․

Վրաստանում ոստիկանությունը վաղ առավոտյան գրոհել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակն ու բռնի ուժով ձերբակալել ընդդիմադիր ուժի առաջնորդ Նիկա Մելիային։

Ինչպես տեղից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, իրավապահները գործի են դրել հատուկ միջոցներ, որոնց հետևանքով տուժել են նաև ընդդիմության մի քանի աջակիցներ։

Վրաստանի արևմտյան դաշնակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, խորը մտահոգություն են հայտնել կատարվածի առնչությամբ։ «Մենք ցավում ենք, որ զսպվածության ու երկխոսության հորդորներն անտեսվեցին», - հայտարարել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը՝ ընդգծելով․ - «Ուժն ու ագրեսիան չեն կարող հարթել քաղաքական տարաձայնությունները։ Այսօր Վրաստանը ետքայլ արեց ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին»։

Նիկա Մելիան մեղադրվում է Թբիլիսիում 2019 հունիսին բողոքի մարդաշատ ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու համար: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր դաշնակիցը, սակայն, կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում, թե իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ընդդիմադիր առաջնորդին ազատազրկելու որոշումը քննադատել էր նաև Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ով հենց այս հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով անցած շաբաթ հրաժարական է տվել։

XS
SM
MD
LG