Մատչելիության հղումներ

AstraZeneca պատվաստանյութի ձեռք բերման շուրջ բանակցությունները շարունակվում են․ Առողջապահության նախարար


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Հայաստանը, որ դեռ նախորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար միացել էր միջազգային COVAX FACILITY նախաձեռնությանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, բանակցություններ է վարել` ձեռք բերելու բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած AstraZeneca պատվաստանյութը, և այժմ էլ շարունակում է բանակցությունները։ Նախարարը նշեց, որ վերջնական որոշումները կայացնելու են մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների հիման վրա։

Եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր: Տարբեր երկրներում AstraZeneca-ի պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում նկատվել են արյունահոսություն, տրոմբոցիտների քանակի պակաս և արյան մակարդում:

Մտահոգությունը, որ որոշ երկրներ կասեցնում են այս պատվաստանյութի կիրառումը, հիմք չէ՞ որ Հայաստանը ևս ժամանակավորապես հրաժարվի այն ձեռք բերելու մտքից։

«Սա իհարկե ազդակ է լինել աչալուրջ, ունենալ թարմ լրահոս, և մեր գործողություններն ըստ այդմ ընթանան», - արձագանքեց Ավանեսյանը։

Հայաստանը դեռևս ձեռք չի բերել AstraZeneca-ն, այս պահին այստեղ օգտագործվում է միայն մեկ՝ ռուսաստանյան «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը։ Փոքր քանակով իրականացվում են նախ ռիսկային խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ։

«Մենք իհարկե մշտադիտարկում ենք անում, կապի մեջ ենք այն անձանց հետ, ովքեր պատվաստվել են, հետպատվաստումային հսկողություն է իրականացվում։ Եվ մենք որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չենք գրանցել», - նշեց նախարարը։

Համաճարակային իրավիճակը Հայաստանում օրեցօր սրվում է։ Միայն նախօրեին կորոնավիրուս է հաստատվել 1024 մարդու մոտ։ Շատ են նաև մահվան դեպքերը. երեկ 19 մարդ է մահացել, ևս 7 վարակակիր, ըստ առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդության պատճառով։

Հայաստանում քովիդից ու քովիդով վարակված, բայց այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվն անցնում է 4000-ը։ Այս պահին վիրուսից բուժում է ստանում շուրջ 10 հազար մարդ։

Առողջապահության նախարարի խոսքով՝ քովիդով հիվանդներին սպասարկում են 12 բժշկական կենտրոններ։

Հարցին, թե արդյոք առողջապահական համակարգը պատրաստ է երրորդ ալիքին, նախարարը պատասխանեց․ - «Համընթաց ավելացնում ենք մահճակալային ֆոնդը, բայց գիտեք, որ դա անվերջ ռեսուրս չի, և մենք պետք է շատ զգույշ լինենք»։

Թեև մասնագետները հաստատում են, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվել, Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին կարանտինային ռեժիմի խստացման և լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա։

Վարակաբան Հասմիկ Ղազինյանի խոսքով, նախ պետք է խստացվի հակահամաճարակային կանոնների պահպանումը, ինչը, ըստ մասնագետի, վերջին շրջանում ամբողջական ծավալով չի արվում. –«Չմոռանանք, որ իսկապես հիվանդության ընթացքը ավելի ծանրացել է, հիվանդությունը ավելի երիտասարդացել է, և հաշվի առնելով այս բոլորը՝ այս մինիմալ միջոցառումները կազմակերպվեն ճիշտ ժամանակին։ Դա մինիմալն է, որը մեզ թույլ կտա բնականոն առօրյան պահպանել, բայց պատասխանատվությամբ կազմակերպել բոլոր հակահամաճարակային միջոցառումները, ինչը բոլորիցս է գալիս, ինչը մեզանից ոչինչ չի խլում, չի պահանջում»։

Ի դեպ, Առողջապահության նախարարի խոսքով, այս պահին մինչև 300 անձի մոտ կորոնավիրուսի կրկնակի դրական թեստի արդյունք է եղել։ Այժմ ուսումնասիրվում է, թե արդյոք դա կրկնավարակ է, թե վարակը դեռևս մարդու օրգանիզմից դուրս չէր եկել։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG