Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի երրորդ ալիքն է ՀՀ-ում, 116 տոկոսով աճել է դեպքերի թիվը, հայտարարում է Գայանե Սահակյանը


Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հաղորդաշարի շրջանակներում ահազանգում է` Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն է: Նա անդրադառնում է երկրում տիրող համաճարակային իրավիճակին: Հույս է հայտնում, որ շատ շուտով արդեն պատվաստանյութը կլինի Հայաստանում, ասում է` ամեն ինչ արվում է դրա համար:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Առաջիկա 7 օրվա ընթացքում առնվազն 5000 դեպք մենք լրացուցիչ կունենանք»

Այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը բավականին սրված է, հայտարարում է Գայանե Սահակյանը:

«Մենք կտրուկ սրացում ունեցանք, և մահճակալային ֆոնդը բավականին արագ սպառեցվեց, ճիշտ է` հերթում չունենք անձինք, որ կարիք ունեն մահճակալի և մնում են տանը, բայց եթե այս տեմպերով շարունակվի, ես վախենում եմ նույնսիկ դա ասել, այսօր վերարտադրման ցուցանիշը 1.5 է, իսկ դա նշանակում է` առաջիկա 7 օրվա ընթացքում առնվազն 5000 դեպք մենք լրացուցիչ կունենանք: Սարսափեցնող թիվ է, բայց մեր աշխատանքն ու վերլուծությունը դա են գուշակում», - ասաց նա` հավելելով, որ այս ցուցանիշը նշանակում է, որ մեկ մարդը մոտ 3 մարդ կարող է վարակել:

«Սա համապատասխանում է նախորդ ալիքների ժամանակ նմանատիպ իրավիճակներին, շատ արագ ամեն 14 օրը մեկ արագ կրկնապատկվում է, նախորդ 14 օրը ունեինք 150-200 դեպք, այսօր արդեն 500-700 դեպքի մասին ենք խոսում, հաջորդ 7-14 օրվա ժամանակահատվածում կունենանք օրական մինչև հազարից 1500 դեպք», - հայտնեց նա: Վերջինս նաև նկատեց, որ 116 տոկոսով աճել է նոր դեպքերի թիվը` համեմատական կտրվածքով նախորդ 14 օրերի հետ:

Համավարակի երրորդ ալիքը

Հարցին, թե կարելի է ասել, որ համավարակի երրորդ ալիքն է Հայաստանում, Սահակյանը դրական պատասխանեց. «Այո, կարող ենք այդպես ասել»: Նրա ներկայացմամբ` թեստերի մինչև 30-35 տոկոսն է լինում դրական:

Իսկ օգտատերերի դիտարկմանը, թե այս տեմպերի մեղավորը «սիրելի կառավարությունն է, բարդակ է», համարո՞ւմ է, որ չդադարող հանրահավաքներն են նաև թվի աճ ապահովում, նա արձագանքեց, որ պետք է ընդհանուր խոսել սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու մասին, բոլոր հավաքների դեպքում էությունը մեկն է` որքան շփումները մեծ են, որքան կանոնները չեն պահպանվում, դա բերում է իրավիճակի սրման, ասում է Սահակյանը:

Նա նաև ասաց, որ հաշվելով միայն ախտանշաններ ունեցող ու գրանցված վարակակիրների թիվը` կարելի է ասել, որ բնակչության մոտ կես միլիոնն է վարակվել քովիդով:

Պատվաստանյութը շուտով կլինի

Գայանե Սահակյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է անընդհատ ձգձգվում պատվաստանյութի ժամանումը Հայաստան:

«Այնքան խիստ անբավարարություն է շուկայում, և պահանջարկն այնքան մեծ է, որ ինքներս էլ չէինք պատկերացնում, թե որքան բարդ է յուրաքանչյուր էտապ անցնել, յուրաքանչյուր անգամ բանակցային սեղանի շուրջ նստել, և այնպիսի օր չկա, որ մեր աշխատանքը չսկվի և չավարտվի դրանով, ես վստահ եմ, որ շատ շուտով կլինի, մեզ մնում է միայն ներկրման գործընթացը», ճ տեղեկացրեց նա: Ըստ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալի` ֆինանսավորման հարցը լուծված է, տեղափոխման ու փաթեթավորման հետ կապված հարցերն են մնում լուծել:

Հայաստանը նույնպես կունենա մի քանի պատվաստանյութ

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե երկիր զբոսաշրջիկների մուտքն անարգել թույլատրված է, նա ասաց, որ երկիր մուտքի որոշակի պահանջներ ունեն, առաջին հերթին անհրաժեշտ է թեստի բացասական պատասխան:

Իսկ մեկ այլ հարցին, թե ինչո՞ւ է պարտադրվում բոլորին «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութը, նա ասաց. «Մենք ինքներս էլ մտածում ենք, որ երկրում ունենանք մի քանի պատվաստնյությեր, այս պահի դրությամբ առկա հնարավոր պատվաստանյութը միայն «Սպուտնիկն» է, բայց դա չի նշանակում, որ միայն «Սպուտնիկով» մենք կբավարարվենք: Հայաստանը նույնպես կունենա մի քանի պատվաստանյութեր»:

XS
SM
MD
LG