Մատչելիության հղումներ

Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով


Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Արայիկ Հարությունյանի կոշտ ընդդիմախոսը նոր պաշտոնում զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։

Նշանակմանը նախորդել է Բադասյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակության հանդիպումը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բադասյանը հայտարարել էր՝ ստեղծված իրավիճակում պետք է մի կողմ դնել քաղաքական բոլոր հավակնությունները և ներգրավվել ժողովրդի խնդիրների լուծման կարևոր գործում:

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, ով ղարաբաղյան վերջին պատերազմում լուրջ վնասվածքներ էր ստացել, Հայաստանում մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործի հիմքում նախկին ազատամարտիկի կոչն է՝ Հայաստանի վարչապետին զենքով վերացնելու մասին։ Այդ հայտարարությունից հետո քաղաքական գործիչը բերման էր ենթարկվել և մոտ երկու շաբաթ անազատության մեջ անցկացնելուց հետո ազատ արձակվել։

XS
SM
MD
LG