Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ու Վահան Բադասյանը հանդիպել են


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Արայիկ Հարությունյանը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, և, հիմքում ունենալով ազգային ու պետական շահը, պատրաստ է համագործակցության:

Օրերս կուսակցությունը, մասնավորապես, հայտարարել էր որ, «այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային և տնտեսական խնդիրների լուծման համար», և որ վերոնշյալ խնդիրների լուծման առաջարկները ներկայացրել են Արայիկ Հարությունյանին։

Բադասյանը Արցախի նախագահի հետ այսօրվա հանդիպմանը վերահաստատել է՝ ստեղծված իրավիճակում պետք է մի կողմ դնել քաղաքական բոլոր հավակնությունները և ներգրավվել ժողովրդի խնդիրների լուծման կարևոր գործում:

Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք՝ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հունվարի 28-ին՝ Բանակի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս Հայաստանի վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել։ Այդ հայտարարությունից հետո ԱԱԾ-ն նրան բերման էր ենթարկել և ձերբակալել։ Մոտ երկու շաբաթ անազատության մեջ անցկացնելուց հետո փետրվարի 10-ին դատախազի որոշմամբ նա ազատ արձակվեց։

Ղարաբաղյան վերջին պատերազմում լուրջ վնասվածք ստացած Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG