Մոտ երկու շաբաթ անազատության մեջ անցկացնելուց հետո երեկ երեկոյան դատախազի որոշմամբ ազատ արձակված Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը շարունակում է չընդունել մեղադրանքը և այն որակել «ծիծաղելի»։
Հունվարի 28-ին՝ Բանակի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել։ Նրան բերման էին ենթարկել և ձերբակալել։
«Ինձ չէր համապատասխանում այն հոդվածը, որ ինձ մեղադրել են, որովհետև հոդվածը` սահմանադրական կարգի տապալում, տարածքային ամբողջականության խախտում և բռնի ուժով իշխանության զավթում, այդպիսի հոդված են իմ վրա կիրառել: Սա ուղղակի ծիծաղելի է, որովհետև ինչո՞ւ եմ ասում` ծիծաղելի է, քանի որ այդ հոդվածով ինձ չպիտի մեղադրեին, մեղադրեին, պիտի մեղադրեին սպառնալիքի, բռնի կոչերի, որը չէր նախատեսում կալանավորում: Դա նախատեսում է 1 տարի ազատազրկում, բայց որպեսզի ինձ կալանավորեին, պետք է կպցնեին անպայման այս հոդվածները», - ասում է նա:
Ղարաբաղյան վերջին պատերազմում լուրջ վնասվածք ստացած Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուրում» անդրադառնալով արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին` նա ասել էր. «Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»։
Ճշտող հարցին՝ ի՞նչ տարբերակով, Բադասյանն արձագանքել էր՝ բոլոր տարբերակներով, այդ թվում՝ զենքի։ «Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում։ Ես գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։ Ինքը պետք է վերանա և հեռանա», - ասել էր Բադասյանը։
Երեկ արդեն Բադասյանն ասել էր, թե նման հայտարարություն է արել, որ իրեն կալանավորեն, և ինքը ցուցմունք տա և պարզաբանի, թե ինչու է վարչապետին թշնամի անվանել, բայց իրենից ցուցմունք չեն վերցրել:
Գործը հսկող դատախազը Բադասյանի կալանավորումը փոխարինել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դատախազությունը հայտարարում է, թե այս որոշումը կայացվել է նախաքննության արդյունքներից ելնելով, նաև, որ Բադասյանը գիտակցել է իր գործողությունների հակաիրավական բնույթը և որ սպառնալից արտահայտությունները պահի ազդեցության տակ է արել։
Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ պաշտպանյալը էմոցիոնալ ազդեցության վիճակում է նման խոսքեր ասել. «Պարոն Բադասյանը հայտնել է, որ ինքը սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչ չի կատարել, ինքը մտադրություն չի ունեցել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ կատարել և այդպիսիք չի էլ կատարել, և այն ամենը` այդ հարցազրույցի ժամանակ հնչեցրած մտքերն ավելի շատ կրել են էմոցիոնալ, պոռթկման երևույթ են եղել: Եվ ինքը որևէ մտադրություն չի ունեցել և չունի էլ որևէ հակաօրինական գործողություն կատարել»:
Միևնույն ժամանակ, փաստաբանը պնդում է՝ իրականում Բադասյանի հայտարարությունների համար կարող էին քրեական գործ հարուցել մեկ այլ հոդվածով, որը նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում առանց նախնական կալանքի. «Եթե այդպիսին պարունակում է, կամ այդպիսի տարրեր կան, ապա քրեական օրենսգրքով ճիշտ որակում պիտի տրվի, այսինքն` եթե անձի գործողությունը հակաիրավական է կամ համընկնում է քրեական օրենսգրքի իքս հոդվածին, ապա անձին պատասխանատվության ենթարկել չի կարելի բոլորովին այլ հոդվածով: Մենք առաջին իսկ օրվանից նշել ենք, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչ չի հնչել, եթե առերևույթ այդ խոսքերը կամ սպառնալիքն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա մենք չենք կարող նույնացնել Նիկոլ Փաշինյանի անձը կամ վարչապետի անձը Հայաստանի Հանրապետության իշխանության կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հետ»:
Պատերազմից հետո իշխանության հասցեին շատերն են նման հայտարարություններ հնչեցրել՝ չգրավելով իրավապահների ուշադրությունը։ Իսկ սա, պաշտպանի համոզմամբ, նշանակում է, որ Բադասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Ես կարծում եմ` այո, ընտրողաբար, որովհետև սա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ առկա փաստերն են, առկա իրողություններն են, այդպիսիք նախկինում, տարբեր օրերի, հետպատերազմյան շրջանում հատկապես նման մտքեր, արտահայտություններ, կոչեր տարբեր անձանց կողմից բազմաթիվ անգամ արվել են»:
Օրերս գլխավոր դատախազության առջև ի պաշտպանություն Բադասյանի բողոքի ակցիայի ժամանակ ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում 2016-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը ևս նման մի սպառնալից հայտարարություն էր արել վարչապետ Փաշինյանի հասցեին։ Դրանից հետո Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։