Առաջիկա օրերին Կալիֆորնիայի բանտից պետք է ազատ արձակվի Համբիկ «Հարրի» Սասունյանն, ով 1984 թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար:
Դատարանը ցմահ ազատազրկման պատժամիջոցն է ընտրել՝ հանգելով այն եզրակացության, որ սպանության դրդապատճառն ազգային ատելությունն է, թեպետ ամբաստանյալը դատարանում հայտարարել է, որ վրեժ է լուծել Հայոց ցեղասպանության համար:
Սասունյանը և նրա զինակիցը՝ Գրիգոր Սալիբան, ովքեր հայտնի են որպես «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կառույցի անդամներ, թուրք հյուպատոսին դարանակալել և սպանել են 1982 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսի Վեստվուդի շրջանի Ուլշիր մայրուղու և Քոմստոք փողոցի խաչմերուկում, այն պահին, երբ հյուպատոսն իր մեքենան կանգնեցրել է կարմիր լույսի տակ:
Գրիգոր Սալիբան կարողացել է փախուստի դիմել, ենթադրաբար, նա վերադարձել է Բեյրութ, որտեղ զոհվել է նույն տարվա ամռանը՝ ներլիբանանյան հակամարտության ընթացքում:
2002 թվականին դատախազությունը համաձայնել է վերանայել զոհի «ազգային ծագման» հանգամանքը, ինչը մեղադրյալին տվել է ներման խնդրագրով իշխանություններին դիմելու իրավունք: Դա արվել է մի կարևոր նախապայմանով՝ Սասունյանը պետք է հրապարակավ խոստովաներ իր արարքը և զղջար դրա համար:
Համբիկ Սասունյանն իրավապահների ներկայությամբ ընթերցել է սույն հայտարարությունը՝ «Ես մասնակցել եմ Քեմալ Արիքանի սպանությանը, ես դատապարտում եմ ահաբեկչությունը հանուն քաղաքական նպատակների և ափսոսում եմ Արիքանի ընտանիքին ցավ պատճառելու համար»:
Այնուհետև Կալիֆորնիայի քրեակատարողական հիմնարկների ներման հանձնաժողովը 2006, 2010-ը և 2013 թվականներին մերժել է Սասունյանին ներում շնորհելու միջնորդությունները:
2016 թվականին հանձնաժողովը բավարարվել է դիմումը, սակայն Թուրքիան բողոքներ է ներկայացրել, և նահանգապետ Ջերրի Բրաունը 2017-ին կասեցրել է Սասունյանի ազատ արձակումը:
2019 թվականին հանձնաժողովը նորից բավարարել է Սասունյանի դիմումը, բայց 2020-ին այս անգամ էլ Կալիֆորնիայի նոր նահանգապետը՝ Գավին Նյուսոմն է այն մերժել:
Լոս Անջելեսի Գերագույն դատարանը չեղարկել է Սասունյանին վաղաժամ-պայմանական ազատ արձակելու հնարավորությունը կասեցնելու նահանգապետի որոշումը և վերականգնել է մեղադրյալին ազատ արձակելու ներման հանձնաժողովի որոշումը: Եվ ահա այս տարվա մարտի 10-ին Նյուսոմը հայտարարել է, որ այլևս չի առարկում:
Պաշտոնական Թուրքիան խստորեն դատապարտել է Սասունյանի վերաբերյալ ներման հանձնաժողովի և նահանգապետի դիրքորոշումը:
«Այս չարաբաստիկ որոշումը հակասում է իրավունքի և արդարության համընդհանուր սկզբունքներին: Թուրքիայի 58 քաղաքացիներ, այդ թվում՝ 31 դիվանագետներ են զոհվել հայկական ահաբեկչական կազմակերպությունների գրոհների հետևանքով», - ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Որոշումը քննադատել է նաև ամերիկյան դիվանագիտության ղեկավար պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Պետական քարտուղարությունը խիստ հիասթափված է Համբիկ Սասունյանին ներում շնորհելու որոշման կապակցությամբ: Հարձակումը դիվանագետի վրա ծանր հանցագործություն է, դա հարձակում չէ սոսկ մեկ անձի վրա, դա հարձակում է դիվանագիտության վրա, մենք վերստին մեր ցավակցություններն ենք հայտնում պարոն Արիքանի ընտանիքին և Թուրքիայի արտգործնախարարության մեր գործընկերներին»,- հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտը:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, անցած դարի 1970-ական թվականներից սկսած հայկական ահաբեկչական տարբեր խմբավորումներ թուրք դիվանագետների և թուրքական ընկերությունների վրա հարձակումներ են գործել Միացյալ Նահանգներում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիբանանում, Հունաստանում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Կանադայում, Պորտուգալիայում, Իրանում, Հարավսլավիայում և Մեծ Բրիտանիայում:
Ենթադրվում է, որ 38 տարի բանտում անցկացրած Սասունյանը կազատվի առաջիկա օրերին, այն բանից հետո, երբ կլուծվեն մի շարք իրավական-ընթացակարգային հարցեր:
«Երախտապարտ ենք նահանգապետին: Անհամբեր ենք ականատես դառնալու Համբիկի՝ ուշացումով ազատ արձակելուն», - հայտարարել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը: