Մատչելիության հղումներ

Կառավարությունում չեն ընդունում նախագահի առարկությունները և կրկին նրան կուղարկեն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը


ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ

Կառավարությունում չեն ընդունում նախագահի առարկությունները Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու՝ վարչապետի առաջարկությանը և հիմնավորումներով հետ կուղարկեն միջնորդությունը նախագահին։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Դրանից հետո նախագահ Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ստորագրի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան, իսկ այդ գործողություններից որևէ մեկը չանելու պարագայում Դավթյանն իրավունքի ուժով կդառնա ԳՇ պետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, նույն օրն ավելի ուշ միջնորդեց նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։

Հիշեցնենք՝ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո Դավթյանը ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ 2020-ի հուլիսից մինչև նոյեմբեր Դավթյանը զբաղեցրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

Նշենք նաև, որ պաշտպանության նախարարի երեկվա հրամանով ԶՈւ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։

XS
SM
MD
LG