Մատչելիության հղումներ

9 բժշկական կենտրոն, ըստ նախարարի, այսօր սպասարկում է քովիդով հիվանդների, ազատ մահճակալների թիվը մոտ100-ն է


Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ինչպես և կանխատեսվում էր, քովիդով հիվանդացությունը երկրում այս շաբաթ աճել է։

Այսօր կառավարության նիստի ժամանակ նախարարն ընդգծեց՝ այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6 հազար 772-ն է, որոնցից 901-ը հոսպտալացված են։

«Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են քովիդով հիվանդներին։ Ներկայումս ազատ մոտ 100 մահճակալ ունենք։ Այս օրերին ևս շարունակում ենք ծավալման աշխատանքները՝ հընթացս տեսնելով աճի տեմպը, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավել չլինի այն կարողություններից, որոնք որ մենք ունենք և չունենանք պացիենտներ, որոնք հիվանդ կլինեն, տանը կմնան և հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու», - ասաց Ավանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչ արեց հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, որպեսզի լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չլինի։

«Ամեն դեպքում այդ խնդիրը լուծելու ձևը և տարբերակն այն է, որ մենք բոլորս հակահամաճարակային կանոնները մաքսիմալ պահենք և պետք է մեր խնդիրը լինի, որ մենք շարժվենք այն ճանապարհով, որ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չլինի։ Ես խնդրում եմ, կոչ եմ անում մեր հայրենակիցներին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետև մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումն էական նշանակություն է ունենալու այս հացում։ Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի էդ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունն ուղղակի չլինի և դա կախված է մեզնից», - ասաց վարչապետը։

Նշենք, որ երեկ իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք։

XS
SM
MD
LG