Մատչելիության հղումներ

COVID-19. մասնագետներն ահազանգում են՝ իրավիճակը Հայաստանում շարունակում է բարդանալ


Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարդանալ, ահազանգում են մասնագետներն ու հիշեցնում՝ հայտնվել ենք վտանգավոր կարմիր գոտում։

Վարակվածության դեպքերի թիվը երեկ աճել է 508-ով,191 մարդ առողջացել է, ևս 4-ը՝ մահացել։ Վարակի տարածման առաջին օրվանից՝ նախորդ տարվա մարտից, Հայաստանում արդեն 3 հազար 219 մարդ է մահացել կորոնավիրուսից։

Եթե հունվար-փետրվար ամիսներին օրական արձանագրվող դեպքերի թիվը հազվադեպ էր հասնում 300-ի, ապա մարտի սկզբից արդեն օրական մինչև 500 դեպք է գրանցվում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը, որն այդ պահին «Նորք ինֆեկցիոն» բուժկենտրոնում էր, «Ազատությանը» փոխանցեց՝ հիվանդների հոսքը րոպե առ րոպե ավելանում է։

«Եթե մենք երկու օր առաջ մեր վերլուծության արդյունքում ասում էինք, որ ունենք 48 տոկոս դեպքերի աճ, ապա երեկվա վերլուծության արդյունքում արդեն ունենք 55 տոկոս աճ: Ընդամենը երկու օրվա տարբերությամբ բավականին մեծ աճ ունենք, և դա իրոք ահազանգող է, և պետք է բոլորս սթափվենք», - ասաց Աբովյանը:

Կորոնավիրուսով վարակվածության թվերն աճում են նաև երեխաների ու դեռահասների շրջանում։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, քանի որ քովիդով հիվանդներին ընդունելու համար առանձնացված երկու հիվանդանոցներում մահճակալային տեղերը գրեթե սպառված են՝ երեկվանից միայն վարակակիրներին է ընդունում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղն իր 250 մահճակալով։

«Եթե այսպես շարունակվի, կարող է նաև այլ հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել, և, ցավոք սրտի, մենք կունենանք բավականին լուրջ խնդիր, քանի որ ավելանում է արդեն առողջապահական բեռը, ինչը կանխատեսում է նաև, որ կարող ենք ունենալ նաև մահճակալային ֆոնդի խնդիր, ծանր դեպքեր, ծայրահեղ ծանր դեպքեր: Աստված չանի, բայց կարող է նաև մահվան ելքերն ավելանան, քանի որ հիվանդացության տեմպերի, զուգահեռ երկու շաբաթ անց, ըստ համաճարակաբանական օրինաչափության, մահվան դեպքերը նոր երևում են», - ընդգծեց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները պնդում են, որ ամենօրյա հանրահավաքների կազմակերպիչներից բացի, քովիդի դեմ պայքարը երկրորդ պլան են մղել նաև տնտեսվարողները, հանրային տրանսպորտը շահագործողները, որոնք մատների արանքով են նայում վիրուսի տարածմանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդեն մի քանի օր է զգոնություն կոչեր է անում և տեղեկացնում, եթե մինչև հիմա նախազգուշացումներ են կիրառվել, ապա արդեն կսկսեն տուգանել՝ 100 հազարից 300 հազար դրամ։

Այս տարվա առաջին եռամսյակում տեսչական մարմինը հանրապետությունում 22 արձանագրություն է կազմել, կրկնակի խախտումներ չեն արձանագրել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն «Ազատությանն» ասաց, որ իրենց այցելությունների պահին տնտեսվարողները հիմնականում պահպանել են կանոնները, վերջիններս հաճախորդների վարքից են դժգոհել։

«Հիմնականում տնտեսվարողները այդ իմաստով իրենց խանութներում կամ հատկապես հանրային սննդի վայրերում և արտադրություններում անպայման պահում են, դիմակները դնում են, հատկապես այն պահին, երբ որ այցելություններ լինում են: Ընտրվել է նախազգուշացում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, և այսուհետ այլևս կկիրառվեն նաև տուգանքների տեսակները», - ասաց Հարությունյանը:

Ռուսական Sputnik V պատվաստանյութն այս ամիս կլինի Հայաստանում, սկզբնական շրջանում անվճար կպատվաստվեն ռիսկային խմբի 7500 քաղաքացիներ, նրանց կտրվի նաև պատվաստված լինելը փաստող քարտ։

Մասնագետները հորդորում են վերադառնալ երեք պարզ կանոնների՝ դիմակների կրմանը, ձեռքերի ախտահանմանը ու սոցհեռավորության պարտադիր պահպանմանը։

Չնայած այս հորդորներին, ընդդիմությունը չի դադարում իր արդեն ամիսներ շարունակվող հանրահավաքները, այս ընթացքում ևս երկու բազմամարդ հանրահավաք էլ վարչապետն էր հրավիրել, որը նույնպես հարթակում էր առանց դիմակի։ Նախարարությունից այսօր նույնպես կրկնեցին՝ հակահամաճարակային իրավիճակը կարող է վերահսկողությունի դուրս գալ։ Ընդդիմություն այսօր կրկին հանրահավաք է հրավիրել։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը դիմում է հանրահավաքի բոլոր կողմերի կազմակերպիչներին. «Կորոնավիրուսային հիվանդությունն առկա է Հայաստանի Հանրապետությունում և խլում է կյանքեր, սթափվեք: Անգամ հանրահավաքներ կազմակերպելուց, կարծում եմ, դժվար չէ 1,5 մետր հեռավորությամբ կանգնել, կրել դիմակներ և մի մոռացեք, որ կարող են այդ հիվանդների ցանկում հայտնվել ձեր հարազատները, ձեր բարեկամները, ինչո՞ւ չէ, նաև դուք ինքներդ»:

Որոշ երկրներում, ի դեպ, էլեկտրոնային անձնագրեր են հատկացվում պատվաստված քաղաքացիներին, նրանք դա կարող են ճամփորդելիս ցույց տալ։ Բայց երկրներն իրենք են որոշում՝ անգամ այդ անձնագրով քաղաքացիներին թույլ տալ հատել իրենց սահմանը, թե ոչ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, նման պահանջ չի դնում երկրների առաջ, որովհետև դեռ պարզ չէ՝ պատվաստված մարդը կարո՞ղ է վիրուսի փոխանցող դառնալ, թե՞ ոչ։

XS
SM
MD
LG