Մատչելիության հղումներ

COVID-19. Կառավարությունը, ըստ մասնագետի, պետք է շատ արագ վերանայի իր մոտեցումը


Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցած մեկ օրում աճել է 337-ով՝ հասնելով 175 հազարի: Հիվանդությունից մահվան ևս 4 դեպք է գրանցվել: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ևս չորս վարակակիր էլ մահացել է այլ հիվանդության պատճառով:

Օր օրի աճող վարակակիրների թվին զուգահեռ դիմակների կրման պարտադիր պահանջի կոչով է հանդես գալիս կառավարությունը: Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք -Նուբարյանը մինչդեռ նշում է՝ միայն դիմակ կրելու կոչերը քիչ են արդյունքի հասնելու համար:

«Ինչպես է կազմակերպվում պայքարը զարգացած երկրներում. կա երկու կոմպոնենտ՝ գործողություններ, որ պարտավոր է անել կառավարությունը, գործողություններ, որ պարտավոր ենք անել մենք: Բայց մոտավորապես մայիսի 20-24-ի շրջանակներում այնպես ստացվեց, որ կառավարությունը սկսեց իր պարտավորությունների զգալի մասը չկատարել, մասնավորապես, զանգվածային թեստավորում, կոնտակտավորների հայտնաբերում, այդ մարդկանց մեկուսացում և այլն: Այդ շղթան սկսեց չկատարել և հայտարարվեց, որ դիմակն, ըստ էության, միակ պայքարի միջոցն է, որը կբերի մեզ արդյունքի, անգամ ասվում էր, որ կզրոյացվեն դեպքերը: Ցավոք սրտի, մեղմ ասած, սա գիտությանը, գիտական հետազոտությունների հետ որևէ աղերս չունի և հակասում է»:

Դիմակ դնելը կարող է լինել լրացում այլ հակահամաճարակային միջոցառումներին, ասում է մասնագետը ու հավելում՝ կառավարությունը պետք է շատ արագ վերանայի իր մոտեցումը, նախաձեռնությունը վերցնի իր վրա, կատարի իր պարտականությունները: Օրինակ՝ քանի դեռ դեպքերը շատ չեն աճել, կարող են թիրախային զանգվածային թեստավորում իրականացնել:

«Օրինակ եմ ասում, դա, իհարկե, ռազմավարության խնդիր է, բոլոր դրական թեստ ունեցող մարդկանց մոտիկ հարազատներին թեստավորի, որպեսզի վաղ հայտնաբերի: Զուգահեռ սոցիալական երաշխիքներ տա այդ մարդկանց, մարդը չի գնալու աշխատանքի, մնալու է տանը, շատ մարդիկ կան, ովքեր ֆորմալ գրանցված չեն և այլն, այսինքն նաև սոցիալապես այդ հարցը լուծի, ապահովի մահճակալների թիվը: Որովհետև էլի պարտավորությունը դնելը մեր վրա, կարծում եմ, մեծ արդյունք չի ունենա: Այստեղ կարևոր է նաև ընդհանուր իրավիճակը գնահատելը, այն, ինչի մեջով մարդիկ անցան վերջին մեկ տարում և այսօր լրացուցիչ բեռ դնել, ինձ թվում է, ճիշտ չէ: Ասեմ, որ այդպես համալիր ծրագիր, որը նաև դրական գնահատականի էր արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հունիս ամսին ներկայացվել էր կառավարություն, բայց մնացել էր անարձագանք», - նշեց

Ընդհանուր առմամբ Հայաստանում արդեն իսկ կատարվել է 753 հազար 705 հետազոտություն: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 3 հազար 225-ի: Եվս 829 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այս պահին Հայաստանում հիվանդությունից բուժվում է ավելի քան 6000 մարդ։

Կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված ընդլայնվում է մահճակալային ֆոնդը։ Այս պահին քովիդով վարակվածներին 6 բժշկական կենտրոն է սպասարկում, այդ թվում երկուսը Երևանից դուրս՝ Սպիտակում և Կապանում։

Կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», որտեղ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներն են բուժում ստանում, շարունակում է ծանրաբեռնված ռեժիմով աշխատել, ասում է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

«Իհարկե, լարված աշխատանք է, որովհետև ծանր, ծայրահեղ դեպքերի թվաքանակն էլ զուգահեռ աճել են: Կարելի է ասել՝ որևիցե մի հիվանդ, որը հիվանդանոցային բուժման կարիք ունի, այս ժամանակահատվածում չի մնացել դրսում, բոլորը բժշկական կենտրոնում են եղել: Հետագա զարգացումների ընթացքը չեմ կարող կանխատեսել, եթե թվաքանակը նման աճման միտում կունենա, ինձ թվում է, նորից կվերաբացվեն այլ բժշկական կենտրոններ: Մենք վերաբացել ենք մեր երկրորդ վերակենդանացման բաժանմունքը և սպասարկում ենք ծայրահեղ ծանր հիվանդներին նաև այդ նոր վերաբացված վերակենդանացման բաժանմունքում: Փաստ է, որ ունենք օրեցօր աճող հիվանդների թվաքանակ», - ասաց Մանուկյանը:

XS
SM
MD
LG