Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կմասնակցի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին: Բլինքենը պատրաստ է «շարունակել քննարկումները» կոնգրեսականների հետ «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների վերաբերյալ, երեկ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Երեկ հինգ ազդեցիկ հանրապետական կոնգրեսականներ, հետևելով Սենատի իրենց գործընկերներին, դիմել էին պետքարտուղարին և նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ խնդրելով պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության մասնակիցների նկատմամբ, նախազգուշացնելով, որ նախագիծը «սպառնում է մեծացնել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից»:
«Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով։ Ներկայումս շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումն ավարտին հասցնելու վճռականության մասին։