Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Լեհաստանը Ջո Բայդենին կոչ են անում ջանքեր գործադրել «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը խափանելու համար


«Հյուսիսային հոսք-2» վիճահարույց գազատարի նախագիծը, արխիվ

Ուկրանինայի և Լեհաստանի արտգործնախարարներ Դմիտրո Կուլեբան և Զբիգնև Ռաուն դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և կոչ արել խափանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի խողովակաշարի կառուցումն ավարտին հասցնելու հնարավորությունը:

Այսօր Politico հանդեսում լույս է տեսել Կուլեբայի և Ռաուի համատեղ հեղինակած հոդվածը, որում նախարարները նշել են, որ Բալթյան ծովով Ռուսաստանից Գերմանիա անցկացվող գազատարը «վտանգավոր և պառակտող նախաձեռնություն է»:

Եթե ռուսները շահագործման հանձնեն խողովակաշարը՝ Ուկրաինան կզրկվի տարանցման վճարից, որը ստանում է իր տարածքով ժամանակին կառուցված խողովակաշարերով ռուսական գազը Եվրոպա փոխադրելու համար:

ԱՄՆ Կոնգրեսը 2020 թվականին ընդունել «Եվրոպայի էներգետիկ անվտանգության պաշտպանության» բանաձևը, որով ընդարձակել է պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» նախագիծն իրականացնող և ֆինանսավորող ընկերությունների նկատմամբ:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կիրառել հնարավոր բոլոր միջոցները և կասեցնել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցումն ավարտելու հնարավորությունը»,- ասվում է Ուկրաինայի և Լեհաստանի արտգործնախարարների հոդվածում:

Կառուցումն ավարտելու համար անհրաժեշտ է Գերմանիայի և Դանիայի տարածքային ջրերում անցկացնել մոտ 150 կիլոմետր խողովակաշար, որը պատկանում է «Գազպրոմ»-ին: Այդ խողովակաշարով Գերմանիան Ռուսաստանից տարեկան կստանա 100 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ուկրաինան, Լեհաստանը և մի շարք երկրներ պնդում են, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագրով գազի մատակարարման հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից կհասնի էլ ավելի վտանգավոր աստիճանի, և ապագայում Մոսկվան վառելիքը կօգտագործի որպես քաղաքական զենք:

Գերմանիան, իր հերթին, պնդում է, թե չի ցանկանում հրաժարվել «Հյուսիսային հոսքից» և մնացած երկրներին հորդորում է այդ ծրագիրը չքաղաքականացնել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG