Մատչելիության հղումներ

Ըստ Թաթոյանի, հեղաշրջումը պետք է դուրս գա օրակարգից, մարդու իրավունքների տեսանկյունից դա խնդրահարույց է​​​​​​​


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ պաշտպանն ընդգծեց՝ երկրում անհանդուրժողականության մակարդակը բարձր է, ինչն էլ վտանգավոր է։ Հեղաշրջում և այլն, ըստ Թաթոյանի, դրանք ընդհանրապես պետք է դուրս գան օրակարգից, երկրում ամեն ինչ պետք է զարգանա ժողովրդավարական ճանապարհով։

Թաթոյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Գլխավոր շտաբի հայտարարությունն օրինակա՞ն է, Դուք հեղաշրջման փորձի տարրեր տեսնում եք։

Թաթոյան․ - Ես այդ հայտարարությունն այդ տեսանկյունից չեմ կարող գնահատել, դա քաղաքականացված հարց է և քաղաքական պահանջ է։ Ես կարող եմ ասել, որ պրոցեսին շատ ուշադիր հետևում ենք, և մենք մեր գնահատականները մարդու իրավունքների պաշտպանին առնչվող իրավասության մասով կտանք։ Ես ուղղակի ասեմ, որ մանրամասն հետևում ենք հատկապես դրան հետևած հանրահավաքային զարգացումներին, ուշադրությամբ հետևում ենք նաև խորհրդարանում զարգացումներին։ Պետք է ասեմ, որ այսօր առհասարակ մեր երկրում վիճակը բարձր անհանդուրժողականություն ունի, և ինձ շատ մտահոգում է, մասնավորապես, իրար փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ՝ սոցիալական ցանցերում հատկապես։ Ակնհայտ է, որ մենք այստեղ գործ ունենք բևեռացման հետ հասարակությունում, ինչը վտանգավոր է։ Մարդու իրավունքների տեսանկյունից մենք այստեղ չպետք է նման որևէ բան թույլ տանք, և այս իրադարձությունների հետ կապված, իհարկե, կարևորագույն դեր ունի Հայաստանի խորհրդարանը։ Ամենայն հարգանքով մեր գործընկերների հանդեպ՝ պատգամավորների, պետք է նշեմ, որ նախ սրա պատասխանատուն, ի վերջո, պետությունն է՝ պոզիտիվ պարտավորությունների ուժով պետական համակարգն այս հավաքների խաղաղ հանգուցալուծման հետ կապված, բայց խորհրդարանի դերը կարևոր է, այդ թվում՝ քննարկումներ ծավալելու առումով, հայտարարություններով և այլն որպես ինստիտուցիոնալ մարմին, և այստեղ խոսքս չի վերաբերվում տարբեր հարցազրույցներին մեր պատգամավորների, այլ որպես ինստիտուտ գործելուն։

«Ազատություն»․ - Ի՞նչ կարելի է անել՝ մի կողմում ընդդիմությունն է, որ ասում է՝ «բանակ մի ենթարկվիր, հեղաշրջում, ապստամբենք, կայծակնային վերցնենք», սպանություն են բեմադրում Երևանի կենտրոնում, իշխանությունն էլ գուցե, ի պատասխան, ուժի ցուցադրություն է անում՝ էդ դիպուկահարները խորհրդարանում։

Թաթոյան․ - Հեղաշրջում և այլն, դրանք պետք է ընդհանրապես դուրս գան, դրանք մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են և ես այդ երևույթները չեմ ընդունում բացարձակ։ Մեր երկրում ամեն ինչ պետք է զարգանա ժողովրդավարական ճանապարհով, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով։

«Ազատություն»․ - Արտահերթ ընտրությունների առաջարկը դա չէ՞ ճանապարհը։

Թաթոյան․ - Դա քաղաքական լուծումների առարկա է՝ քաղաքական ուժերի քննարկման, ես ուզում եմ ընդամենը հետևյալն ասել՝ մեր երկրում ամեն ինչ պետք է զարգանա ժողովրդավարական ճանապարհով, մարդու իրավունքների նկատմամբ բացառիկ հարգանքի ճանապարհով։ Եվ հավաքներ են որ անում կազմակերպիչները, ինձ չի հետաքրքրում իշխանության կազմակերպած հավաքն է, թե՞՝ ոչ՝ ընդդիմության կազմակերպած․․․ կազմակերպիչները պետք է ուշադիր լինեն իրենց խոսքի, բառապաշարի նկատմամբ, որ առանց այն էլ լարվածությանը չնպաստեն։ Ես իհարկե այստեղ առավել ուշադրություն եմ դարձնում պետության նկատմամբ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խնդիրը պետության հետ է և պետության նկատմամբ վերահսկողությունը։ Իհարկե մենք հետևում ենք մարդու իրավունքների նկատմամբ վիճակին, դրա համար ես քննադատեցի այդ բեմականացումը և ես նշեցի՝ հավաքի հետ կապելը դա անթույլատրելի է, որովհետև զանգվածային միջոցառում է նաև երեխաներ են նայում և դա բռնության նաև քարոզի էլեմենտներ ուներ, դա համար դա շատ անթույլատրելի էր։ Մյուս կողմից էլ ես, օրինակ, անմիջապես արձագանքեցի և ինձ համար բացարձակ անթույլատրելի էր այս վերջին հավաքի ժամանակ դիպուկահարների առկայությունը։ Դա ընդհանրապես թույլատրելի չէ։ Ի՞նչ է նշանակում՝ դիպուկահարները եկել են Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ ուղղակի ցուցադրում են ամբողջ ժողովրդի վրա և հավաքի մասնակիցների, որտեղ կան նաև բնակելի շենքեր և այլն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG