Մատչելիության հղումներ

Առավոտյան Բաղրամյան պողոտան հանգիստ էր, ցուցարարների թիվը մեծ չէր, ոստիկաններինը՝ ևս


Շարժման մարտի 9-ի հանրահավաքը Բաղրամյան պողոտայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր առավոտյան 8։30 քաղաքացիներին հրավիրել էր Բաղրամյան -Դեմիրճյան փողոցներ՝ փակելու Ազգային ժողովի մուտքերը։ Այս ժամին այստեղ մեծ թվով ցուցարարներ չկան, որոշները շարունակում են հերթապահել։ Նշենք, որ նրանց թիվը մեծ չէ։

Տարածքում նկատեցինք շարժման անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից մի քանիսին՝ Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովին, շարժման համակարգող ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին։

Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Դեմիրճյան փողոց, շրջափակեցին Ազգային ժողովի մուտքերը որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել շենք։ Տարածք մեծ թվով ոստիկաններ բերվեցին, հրմշտոց առաջացավ։

Նշենք, որ իրավիճակը լարվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում։

Այսօր էլ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում ոստիկանական ուժեր են բերվել, սակայն երեկվա համեմատությամբ նրանց թիվն այդքան էլ մեծ չէ։ Ըստ էության նրանք տարածք են բերվել, որպեսզի քաղաքացիները չխոչընդոտեն խորհրդարանականների մուտքն Ազգային ժողով։

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր ևս հանրահավաք է նախատեսում, թե ինչ ծրագրեր ունեն, հրապարակավ դեռ չեն հայտարարել։

XS
SM
MD
LG