Մատչելիության հղումներ

Գերիների հարցը ներքաղաքական օրակարգի հետ կապ չունի, ասում է փաստաբանը


Փաստաբան Սիրանուշ Սահակյան, արխիվ

Իշխող «Իմ քայլ»-ի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի պնդմամբ՝ դեռ նախորդ շաբաթվա ընթացքում սպասում էին հայ գերիների նոր խմբի վերադարձին, սակայն, նրա խոսքով՝ որոշակի ներքաղաքական զարգացումները խոչընդոտեցին դրան։

Ի՞նչ կապ ունի գերիների վերադարձը հայաստանյան ներքաղաքական զարգացումների հետ, Բաղդասարյանը, որը զբաղվում է գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարցով, միայն ասաց. «Ներքաղաքական զարգացումները շատ վատ ազդեցություն են ունենում հետպատերազմյան Հայաստանում և հետպատերազմյան Հայաստան ծառացած ամեն տեսակ խնդրի առաջ, այդ թվում՝ գերիների վերադարձը: Որովհետև ցանկացած բանակցայի գործընթացում Հայաստանի դիրքերը պետք է լինեն ամուր, և եթե մենք ունենում ենք որոշակի լարվածություններ, բնականաբար, դա չի կարող անարձագանք մնալ և ազդեցություն չունենալ գործընթացների վրա: Դրա ականատեսը մենք նախորդող շրջանում եղել ենք»:

Նախկին իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը ծիծաղելի որակեց իշխանության նման մոտեցումը. «Դա իրենց սովորական բնավորությունն է մեղավորներ փնտրելը, և դուք ինքներդ գիտեք, որ իրենց բարձրացրած խնդիրը պարզապես ծիծաղելի է, և ես չեմ ցանկանում արձագանքել»:

«Ընդդիմությունը բացառապես ունի իր օրակարգը և գերիների վերադարձի հարցը, և առհասարակ մեր անվտանգային համակարգում առկա խնդիրները լուծելու հետ կապված ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խանգարում», - ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Գերիների հարցը ներքաղաքական օրակարգի խնդիր չէ, կարծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, ընդգծելով, դա միջպետական հարթության հարց է, և որ իշխող քաղաքական ուժը պետք է հասկանա՝ գերիների հարցի դժվարությունները պայմանավորված են ձախողումներով։

«Որքան պետությունը կործանված, ձախողված է, որի առաջնային պատասխանատուն պետք է լինի իշխանության եկած քաղաքական ուժը, այնքան այդ խնդիրների լուծումը դառնում է անհնար, որովհետև միջպետական հարթության մեջ ոչ կայուն և թույլ երկրներին զիջումների չեն գնում: Այսինքն՝ իշխող քաղաքական ուժը պետք է հասկանա, որ գերիների հարցի դժվարությունները պայմանավորված են ձախողումներով, այդ թվում՝ պատերազմի պարտությամբ և հետագա թույլ բանակցային դիքերով», - նշեց Սահակյանը։

Հայկական կողմի տվյալներով, հայ գերիների թիվը շուրջ 200 է։ Պաշտոնական տվյալներ չկան։ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է 80 գերեվարվածի փաստը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ ունեն ևս շուրջ 80 գերեվարվածի այլ հիմնավոր դեպքեր, որոնք ապացույցներով հաստատված են և այլ վարկած չի կարող լինել և կան ավելի քան 100 գերեվարման կասկածելի դեպքեր, որոնց առնչությամբ ևս ապացույցներ են առկա։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

XS
SM
MD
LG