Մատչելիության հղումներ

Սաղաթելյանն ազատ արձակվեց. պնդում է, որ կապ չունի կեղծ էջի հետ


Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց: Վերաքննիչ դատարանը բավարարեց նրա պաշտպանների առաջին ատյանի կալանավորման որոշման դեմ բողոքը։

«Ես կարող եմ միանշանակ պնդել, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական գործընթաց է, որ այս ամբողջ գործընթացը կազմակերպված, նպատակուղղված է երկրի իշխանության կողմից», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Արա Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին, նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը ստեղծելու և կառավարելու համար։ Այդ էջը հայհոյախառն ու գռեհիկ արտահայտություններով վիրավորում է գործող իշխանություններին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք այլ անձինք, այդ թվում` «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը:

Սաղաթելյանն այսօր պնդեց, թե կապ չունի այդ կեղծ էջի հետ. «Ես ձեզ ասում եմ շատ ազնիվ, կյանքում Գագիկ Սողոմոնյան կարդացել եմ 4 անգամ` մինչև նստելս սաղ կյանքում»:

Գագիկ Սողոմոնյանի էջում այս գործով մեղադրվող 4 անձանց կալանավորումից հետո էլ շարունակում են ամենօրյա գրառումներ հայտնվել։ Ըստ ԱԱԾ-ի` ֆեյք էջը կառավարողները պլանավորել են խմբի անդամներից մեկի բացահայտվելուց հետո շարունակել գրառումներ անել։

Մեկ տարի առաջ «Հայկական ժամանակը» գրել էր՝ Սաղաթելյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Մայր աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ վարչապետի ու նրա ընտանիքի դեմ քարոզչական արշավ է իրականացրել։

Սաղաթելյանի պաշտպան Միհրան Հակոբյանի խոսքով` իր վստահորդը հանցագործության հետ կապ չունի, նրան անօրինական կարգով պահել են քրեակատարողական հիմնարկում: Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ Հակոբյանի, պայքարի սկիզբն է. «Մենք հաղթանակ կգնահատենք այս գործով միայն այն պարագայում, երբ տոտալ անօրինականությունների հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք կհայտնվեն այս անգամ լրիվ օրինական հիմքերով քրեակատարողական հիմնարկի ներսում և կխորհեն այն հանգամանքի մասին, թե ինչպես է ստացվում, որ անձին որևէ հանցագործության հետ առնչություն չունենալու պարագայում ուղղակի հրահանգով ստիպում են, որ հայտնվի քրեակատարողական հիմնարկում»:

XS
SM
MD
LG