Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունը Փաշինյանի արհեստական փրկօղակն է, վստահ է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը


Արտահերթ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի արհեստական փրկօղակն է, վստահ է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Վերջինս ասում է, որ այսօր արտահերթ ընտրությունների գնալու հարց իրենց օրակարգում չկա, ինչպես և եղել է, կա միայն մեկ հարց` վարչապետի օր առաջ հեռացումը իշխանությունից:

Փաշինյանը մարտի 1-ին էր կրկին խոսել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ` նշելով, որ դրա համար նախևառաջ հարկավոր է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի` ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի համաձայնությունը: Երեկ այս հարցով վարչապետը հանդիպեց խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Հանդիպմանը արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց։ Կողմերը պայմանավորվել են կրկին բանակցել «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը պարզ դառնալուց հետո։

«Ազատության» զրուցակիցն է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, «Դաշնակցության» անդամ Գեղամ Մանուկյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.


«Ազատություն» - Եթե արտահերթի համաձայնություն ձեռք բերվի խորհրդարանական ուժերի միջև, ի՞նչ է անելու ձեր բևեռը:

Գեղամ Մանուկյան - Ընդհանրապես եթեներով չեմ խոսում, հատկապես որ Գագիկ Ծառուկյանը դեռ չի նշել, որ կարող է հանդիպել և բանակցություններ վարել, Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ չի հաջողվել, նորից հանդիպման անհրաժեշտություն կա:

«Ազատություն» - Իրենք էլ են Ծառուկյանի դիրքորոշմանը սպասում:

Գեղամ Մանուկյան - Գալով արտահերթին` նախ արտահերթ ընտրությունները իշխանության ձեռքում հիմա դարձել են արհեստական փրկօղակ. մի անգամ Փաշինյանն ասաց արտահերթ ընտրություն, մարդ չգտավ, ում հետ զրուցի, բանակցի, քննարկի, մի քանի գրապանային անձ-կուսակցությունների հետ իմիտացիան ստեղծվեց, որ արտահերթի շուրջ քննարկում, հետո ասացին` կարիքը չկա արտահերթի: Հիմա նորից էլի արտահերթի փրկօղակն է մեջտեղ եկել, որն ինքնին այն ձևաչափով, որ առաջարկում է Փաշինյանը, լրիվ արհեստական է մի քանի պատճառով: Նախ քաղաքական մթնոլորտը, նրա հրաժարականի պահանջը, իմաստն արտահերթ ընտրությունների, ընդդիմության կողմից նաև բազմաթիվ շեշտադրումները, որ Փաշինյանի վարչապետության օրոք անհնար է նորմալ ընտրություններ կատարել:

«Ազատություն» - Հիմա այդ մասին, պարո՛ն Մանուկյան, ինչո՞ւ չգնալ այդ ընտրություններին: Դուք ասում եք` մարդ չգտավ, որ հետը խոսի, դրանից ավելի անցնցում, օրինական ժողովրդի կամարտահայտությունը ներկայացնելու ձև չկա, աշխարհում չի հնարվել այլ ճանապարհ:

Գեղամ Մանուկյան - Չկա օրակարգային հարց` Փաշինյանի օրոք գնալ արտահերթ ընտրությունների: Հայաստանի Հանրապետությունում կա մեկ հարց` Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը իշխանությունից:

«Ազատություն» - Պարո՛ն Մանուկյան, այդքան էլ այդպես չէ. նույնիսկ Ձեր դաշինքի անդամներ` «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն է ասել` կմասնակցենք, Ռոբերտ Քոչարյանն է ասել` կմասնակցենք, Գագիկ Ծառուկյանն է ասել` կմասնակցենք, Էդմոն Մարուքյանն է ասել` կմասնակցենք:

Գեղամ Մանուկյան - Ամեն մեկը անհատական տեսակետ է:

«Ազատություն» - Այո, բայց իրենք մասնակցելու են Փաշինյանի օրոք:

Գեղամ Մանուկյան - Բայց մասնակցությունը Նիկոլ Փաշինյանով, թե առանց Նիկոլ Փաշինյանի որևէ մեկը չի հստակեցրել, որովհետև բոլորի մտքում այսօր օրախնդիր թիվ մեկ հարցը և նրանց քաղաքական գործունեության հարցը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումն է, որովհետև արտահերթ ընտրությունների վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ գնալ ընտրությունների նշանակում է լեգիտիմացնել բոլոր այն կորուստները, նշանակում է լեգիտիմացնել բոլոր այն հանցավոր գործողությունները և դրա ողբերգական հետևանքը հայ ժողովրդի համար: Անհնար է նման պայմաններում գնալ ընտրությունների:

«Ազատություն» - Ձեր ասածը կաշխատեր, կլիներ արդար, եթե հարյուր հազարավոր մարդիկ փողոցները լցված լինեին, օրուգիշեր պահանջեին, «Փաշինյա՛ն, հեռացիր» վանկարկեին, 5-10 հազար մարդու մասին է խոսքը տարբեր հաշվարկներով:

Գեղամ Մանուկյան - Ներողություն, Դուք հանրային կարծիք, հանրային պահանջ ասածը տեղափոխում եք ամբոխվարության դաշտ, դա Նիկոլ Փաշինյանի ամբողջ պատկերացումն է սեփական ժողովրդի մասին:

«Ազատություն» - Երբ ասում եք, որ կա մտավախություն նաև, որ նա կկեղծի ընտրությունները, այդ թվում և հիմա այս հավաքի վարչական ռեսուրսի կիրառումն է որպես փաստարկ բերվում, այս առիթով իշխանական ճամբարից և ոչ միայն ձեզ հիշեցնում են, որ փրկության ճակատի անդամներն են «Հանրապետականը», Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստանը», որոնք, մեղմ ասած, հեռու չեն ընտրակեղծարարությունից, «Դաշնակցությունն» էլ, ճիշտ է, ընդունել է ընտրակեղծիքների փաստը, բայց նրանց հետ իշխանություն է կազմել: Այդ դեպքում թողեք, թող ընտրությունը չկեղծած մեկն անցկացնի քվեարկությունը:

Գեղամ Մանուկյան - Մենք լուրջ մարդիկ ենք, այդ չորրորդ դասարանում երկու տղա իրար վիճելուց կարող են ասել` բա դու էն արեցիր, բա դու էն արեցիր. արտահերթ ընտրությունները չեն կարող այս պայմաններում լինել: Ինչ վերաբերում է կեղծիքներին, լավ, դիցուք` ժամանակին տարբեր ընտրությունների «Դաշնակցությունը» դատապարտել է ընտրակեղծիքները, բազմաթիվ ընտրակեղծիքների փաստեր է վեր հանել, բողոքարկել է և այլն, բայց հիմա եթե եղել են ընտրակեղծիքներ, ուրեմն դրանով հիմնավորենք, որ լավ, մե՞նք էլ կարող ենք անել:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ.

XS
SM
MD
LG