Մատչելիության հղումներ

Մարուքյանն ու Փաշինյանն այսօր հանդիպել են


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, Մարուքյանն ասաց, որ գլխավոր հարցերի շուրջ դեռ կոնսենսուս չկա, սակայն կա կամք բանակցությունները շարունակելու։

«Այն, որ մենք պետք ա ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, էդ հարցում ունենք հասկացվածություն», - ասաց Մարուքյանը։

Ավելի ուշ հանդիպման մասին վարչապետի գրասենյակը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը հենց Մարուքյանի հայտարարություններն էին։

«Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է», - նշել է վարչապետը՝ շարունակելով․ - «Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ, և ես այսօր ուրախ կլինեմ լսել Ձեր տեսակետները, թե ինչպես առաջ շարժվել: Եկեք նախապես պայմանավորվենք, որ այսօրվա մեր քննարկման արդյունքներով մենք ոչ թե կայացնենք որոշում, այլ ես հանդիպում կունենամ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու խմբակցության հետ նույնպես քննարկումներ կունենամ, , որի արդյունքներով կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային: Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»:

Հիշեցնենք՝ հանդիպման առաջարկը վարչապետինն էր, Մարուքյանն էլ համաձայնել էր։ Մինչև կառավարությունից զանգ ստանալը Փաշինյանին պայման էր առաջարկել՝ վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հուշագիր կստորագրի, եթե Փաշինյանը հանգիստ թողնի կառավարության հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, պաշտոնում վերականգնի Գասպարյանի տեղակալ Տիրան Խաչատրյանին:

Մարուքյանն այսօր նախ շնորհակալություն է հայտնել իր հայտարարություններին արձագանքելու համար և խոսակցությունը սկսել է հենց առաջարկություններից։

«Ես առաջարկությունն արել եմ՝ ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, այսինքն այն, ինչ-որ մենք ունեինք, դրան գումարվել է Գլխավոր շտաբի պատմությունը, որն այս պահին քաղաքական ճգնաժամի մի մեծ մասն է: Դրանից ելնելով եմ ես հայտարարել, որ հետագա էսկալացիայից, բախումներից խուսափելու համար, հազար ու մի սցենար կարող է լինել, ինչին ես դեմ եմ: Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել: Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների», - ասել է Մարուքյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք ևս պետք է ԲՀԿ-ի հետ խոսեն, քանի որ առանց ԲՀԿ-ի, այդ հայտարարը կիսատ է և լուծում չեն ունենալու:

Վարչապետ Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈւ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:

Վարչապետ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG