Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն աջակցում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ աջակցում է ընդդիմադիր շարժմանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանի երկրորդ նախագահին։

Երևանում ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ընացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե չի ծրագրում գլխավորել որևէ կուսակցություն, թեև չի էլ բացառում, որ նման հնարավորություն կարող է լինել։ Սակայն երկրորդ նախագահը իր անվերապահ աջակցությունը հայտնեց ընդդիմադիր շարժմանը, որը նրա կարծիքով կարողացել է համախմբել հանրությանը։

«Ես աջակցում այն ձևաչափը, որը ստեղծել է ընդդիմադիր շարժումը, և կարծում եմ կարիք չկա այն վերանայելու։ Վազգեն Մանուկյանը արժանի մարդ է, և նա պատրաստ է մեկ տարով իր վրա վերցնել այդ առաքելությունը, եթե իհարկե ամեն ինչ ընդդիմության ծրագրով ընթանա, և նա գլխավորի ժամանակավոր կառավարությունը։ Սա ծանրագույն բեռ է ստեղծված իրավիճակում», - նշել է Քոչարյանը։

Ընդդիմադիրները, այդ թվում՝ երկրորդ և երրորդ նախագահները, կարծում են, որ Վազգեն Մանուկյանը փորձառու քաղաքական գործիչ է և կարող է երկիրը դուրս բերել հետպատերազմյան քաոսից։ Նա Հայաստանի անկախության առաջին տարիներին մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, եղել է առաջին վարչապետը, պաշտպանության նախարարը ու նաև առանցքային դեր է ունեցել խորհրդարանում՝ ղեկավարելով ընդդիմադիր խմբակցություններից մեկը, այնպես որ ունի բոլոր անհրաժեշտ որակները ղեկավարելու ընդդիմադիր շարժումը և դառնալու կառավարության ժամանակավոր ղեկավարը։ Սակայն իշխանությունները այլ կարծիք ունեն, երկրի ղեկավարի ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը, ընտրությունների միջոցով։

Քոչարյանը վստահություն հայտնեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի ընտրություններին և կհաղթի

Նախկին նախագահը միաժամանակ վստահություն հայտնեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի այդ ընտրություններին և կհաղթի։ «Եթե արտահերթ ընտրություններ լինեն, կմասնակցեմ։ Կարծում եմ՝ ես բավականաչափ փորձառություն ունեմ դրա համար։ Արդյոք վստա՞հ եմ, որ կհաղթեմ, համենայնդեպս ընտրություններում երբեք չեմ պարտվել», - հայտարարել է Քոչարյանը։

Արտահերթ ընտրությունների համար միայն մեկ մեխանիզմ գոյություն ունի, այն է՝ վարչապետ Փաշինյանը հրաժարական է տալիս, այնուհետև «Իմ քայլը» խմբակցությունը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո նոր սկսվում է արտահերթ ընտրությունների գործընթացը, բացատրում է երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ չի պատրաստվում ստեղծել իր սեփական կուսակցությունը, աջակցում է արդեն իսկ ստեղծված ընդդիմության ձևաչափը, հասկացնելով, որ հենց այդ ձևաչափն էլ կլինի իր քաղաքական հարթակը ընտրություններին մասնակցելու համար։

Հետաքրքիր է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցը քննարկել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Քոչարյանը ընտրություններին իր մասնակցության հարցը քննարկե՞լ է Վլադիմիր Պուտինի հետ, Պեսկովը ասել է, թե Քոչարյանը չի համաձայնեցրել այդ հարցը Պուտինի հետ։

«Հայաստանում քաղաքական գործընթացների մասնակիցները կարիք չունեն իրենց քայլերը համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ: Դա բացարձակապես անհեթեթ հարցադրում է», - արձագանքել է Ռուսաստանի նախագահի խոսնակը լրագրողին։

Դմիտրի Պեսկովը նաև ավելացրել է, որ Քոչարյանը «Ռուսաստանի մեծ բարեկամն է և Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի համագործակցության խորացման համոզված կողմնակիցը»։

Պուտինի խոսնակը գոհունակությամբ նշել է նաև, որ Հայաստանում քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից է։ Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդպիսի գործիչների շարքում է։

«Անշուշտ, մենք կողմնորոշվում ենք վարչապետի կատարած համապատասխան հայտարարություններով։ Շատ ակտիվ երկխոսություն է գնում նրա և Ռուսաստանի նախագահի միջև։ Գիտեք, թե ինչպիսի լարված աշխատանք է նախորդել փաստաթղթի ստորագրմանը, որով վերջ տրվեց Ղարաբաղյան պատերազմին», - ասել է Պեսկովը։

«Սա շատ նման է ծրագրված պարտության»

Այսօր Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար տրված մամուլի ասուլիսում խոսել է նաև Ղարաբաղյան պատերազմի և պարտության հանգամանքների ուսումնասիրության մասին։

«Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների արդյունքների հանգամանքները պետք է հետաքննությունը պարզի: Սա շատ նման է ծրագրված պարտության։ Թե ի՞նչ շարժառիթ է եղել, պետք է հետաքննող մարմինները պարզեն։ Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այստեղ ինչ-որ բան այն չի եղել», - հայտարարել է Քոչարյանը, մատնանշելով նաև այն, որ շատ ռազմական փորձագետների կարծիքով, հայկական բանակը վերջին տարիներին համարվում էր Հարավային Կովկասի լավագույն բանակներից մեկը։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ռազմական հեղաշրջումից չպետք է վախենալ

Քոչարյանը խոսեց նաև Գլխավոր շտաբի և Կառավարության առճակատման մասին, ասաց, որ գեներալները շատ զուսպ են պահում իրենց։ Եվ ընդհանրապես, ըստ երկրորդ նախագահի, ռազմական հեղաշրջումից չպետք է վախենալ։

«Չեմ կարծում, որ պետք է շատ վախենալ այդ բառից, եթե զինվորական էլիտան պատասխանատվություն է զգում երկրի ապագայի համար, ապա չպետք է բացառել քայլերը, որոնք կարող են բախտորոշիչ լինել։ Բայց սա իմ կարծիքն է, սա կոչ չէ», - վկայակոչում է երկրորդ նախագահին ռուսական РБК հեռուստաալիքը։

Քոչարյանը կասկած է հայտնել, թե իշխանությունները փոխել են կորոնավիրուսի թեստի իր արդյունքները, որ չկարողանա գնալ Մոսկվա

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռոբերտ Քոչարյանը կասկած է հայտնել, որ պատերազմի օրերին իշխանությունները փոխել են կորոնավիրուսի թեստի իր արդյունքները, որպեսզի նա չկարողանա գնալ Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինին։

«Ես կասկածում եմ, որ կովիդով հիվանդ եմ եղել։ Իշխանությունները ամեն ինչ արել են, որ այդ այցելությունը չկայանա», - հայտարարել է Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված այսօրվա ասուլիսում։

XS
SM
MD
LG