Մատչելիության հղումներ

Բողոքի «հայկական-զինվորական» տարբերակ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում վրաններ է տեղադրել, Երևան, 26-ը փետրվարի, 2021թ.

Արտասահմանյան մամուլն անդրադառնում է հայաստանյան իրադարձություններին:

«Բանակը 2008-ից հետո առաջին անգամ է միջամտում ներքաղաքական հարցերին»

Արևմտյան և ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն մեկնաբանում են հայաստանյան ներքաղաքական զարգացումները:

Որոշ աղբյուրներ նկատել են տալիս, որ Մոսկվան է կոնկրետ այս վերջին բողոքների կազմակերպիչը: The Daily Beast ամերիկյան պարբերականի վերլուծաբան Աննա Նեմցովայի հետ զրույցում փորձագետ Արթուր Պարոնյանն ասել է, թե Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը նախօրեին՝ երբ արդեն սկսվել է «Իսկանդեր»-ների սկանդալը, զանգահարել է հայաստանցի պաշտոնակից, գեներալ Օնիկ Գասպարյանին:

«Մոսկվան միանշանակ նկատել է տվել, որ հարկ է ազատվել վարչապետից», - ասել է Պարոնյանը:

Նեմցովայի փոխանցմամբ, հրապարակավ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, բանակը 2008 թվականի ողբերգական բախումներից հետո առաջին անգամ է ուղիղ եղանակով միջամտում ներքաղաքական խնդիրներին: Հայաստանը վերապրել է 2008-ի ողբերգությունը, դրանից հետո զարգացրել է աշխույժ քաղաքացիական հասարակություն, լուծել է առավել սուր սոցիալական հարցերից մի քանիսը, սակայն պատերազմի վտանգը տասնամյակներ շարունակ հրատապ է եղել, սերունդներ են պատրաստվել դրան: Անցյալ տարվա սեպտեմբերին կռիվը սկսվել է, տևել է վեց շաբաթ և տակնուվրա է արել երկիրը:

Նեմցովան նշում է, որ Ռուսաստանի միջամտությամբ Հայաստանը փրկվել է պարտությունից և հրադադար է հաստատվել, բայց անվտանգության հարցում Հայաստանն ամբողջությամբ մնացել է Ռուսաստանի հույսին:

Պատերազմից հետո հազարավոր դառնացած ցուցարարներ դուրս են գալիս փողոցներ, մեղադրում են Փաշինյանին և նրա հրաժարականն են պահանջում, ասել է վերլուծաբանը:

Ռուսական «Իսկանդերների» մասին «ոչ հաշվենկատ մեկնաբանություններ»

Eurasia Daily պարբերականի վերլուծաբան Վլադիմիր Սոկորի փոխանցմամբ, ճգնաժամի պատճառ են դարձել Փաշինյանի «Իսկանդեր»-ի թեմայով ոչ հաշվենկատ մեկնաբանությունները: Բայց նույնիսկ այդ դեպքում մեծ խնդիր չէր ծագի, եթե վարչապետը պաշտոնանկ չաներ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանին:

«Փաշինյանը ողբերգական հերոս է և արժանի է հարգանքի»

Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոյի համոզմամբ, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դեռևս ռազմական հեղաշրջում չէ:

«Ինձ թվում է, որ հեղաշրջում չի լինի, բայց ընտրությունները կլինեն անկանխատեսելի և հետաքրքիր: Այսօրվա դրությամբ, Փաշինյանը բանակայինների համեմատությամբ, կարծես թե, ունի ավելի շատ աջակիցներ: Այո, Փաշինյանը պարտվել է, նա, ըստ էության, շատ ողբերգական հերոս է և արժանի է հարգանքի, բոլորը գիտակցում են, որ ով էլ գա իշխանության՝ նոր պատերազմ հնարավոր չէ: Սա ռազմական հեղաշրջման փորձ չէ, սա բողոքի, այսպես ասած, «հայկական-զինվորական» տարբերակ է: Հեղաշրջումն այն է, որ տանկերը դուրս են գալիս քաղաք, զինվորների շարքերով անցնում են փողոցներով, նրանց գլխավորում են գեներալները, տեսեք, թե ինչ է կատարվում Երևանում, սա քաղաքական պայքարի ծայրահեղ սրում է, ռազմական հեղաշրջման իմիտացիա»,- ասել է Մալաշենկոն:

«Իրավապահներն առանձնապես չեն միջամտում»

Բրիտանական BBC-ն նշում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդիմադիրների տեղադրած վրաններն ավելի շատ նման է PR քայլի, քան ուժայիններից պաշտպանվելու մեթոդի, քանի որ ոստիկաններն առանձնապես չեն էլ միջամտել:

«Վարչապետի իշխանությունը կթուլանա»

«Գազետա»-ն նշում է, որ նույնիսկ եթե վարչապետը պահպանի պաշտոնը, նրա իշխանությունն էապես կթուլանա:

«Մի բան է, երբ հրաժարական են պահանջում նախկին նախագահներ, փաստաբաններ, ուսուցիչներ, գիտնականներ, այլ բան է, երբ պահանջին բանակն է միանում»,- պարբերականին ասել է վերլուծաբան Հրանտ Միքայելյանը:

«Ռուսաստանը՝ հանդիսատես հայկական թատրոնում»

Взгляд պարբերականը հրապարակել է «Իսկանդեր»-ի սկանդալի թեմայով «Վալդայ» քաղաքական բանավեճերի ակումբի ծրագրերի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչևի տեսակետը:

«Ռուսաստանը գերադասում է հայկական թատրոնում հանդիսատես լինել» վերնագրով հոդվածում Բորդաչևը գրում է, թե հետևելով հայաստանյան իրադարձություններին, ակամա «նախանձում ես եվրոպացիներին, ովքեր միջազգային ճգնաժամերի օրերին արձագանքում են միայն խոսքերով, սոսկ հրապարակում են իրենց այսպես կոչված «սկզբունքային դիրքորոշումները», ինչը շատ լավ տեղավորվում է թվիթերյան դիվանագիտության կանոնների մեջ: Մինչդեռ, Ռուսաստանից ամեն անգամ բոլորը սպասում են ինչ-որ կոնկրետ քայլեր և որոշումներ, նույնիսկ այն դեպքերում, երբ իրավիճակն անհույս է, իսկ տեղական վերնախավերը պատրաստ չեն գոնե ինչ-որ եղանակով ազդեցություն գործել սեփական ժողովրդի ճակատագրի և ապագայի վրա»:

«Վալդայ» քաղաքական բանավեճերի ակումբի ծրագրերի տնօրենը նշել է, եթե Ռուսաստանը չի միջամտում, ուրեմն ուրիշի ճակատագրի համար պատասխանատվություն իր վրա չի վերցնում, հետևաբար, «թուլանում է և տանուլ է տալիս մրցակցությունը»: «Կարևոր չէ, թե ում, թեկուզ Թուրքիային, թեպետ այդ երկիրը Ռուսաստանին հաստատ չի սպառնում: Եվ կարևոր չէ, թե Ռուսաստանի ազգային անվտանգության տեսակետից ինչ իրական նշանակություն ունի այդ կոնկրետ պետությունը կամ շրջանը», - ասել է նա:

Հեղինակի փոխանցմամբ, այդ ակնկալիքների հիմքում ոչ վաղ անցյալի պատմական փորձն է: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է ստանձնել Աբխազիայում, Հարավային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում և միշտ՝ նույնիսկ իր համար ամենաբարդ ժամանակներում, արժանի կերպով է կատարել խաղաղապահի պարտքը: Անցյալ տարի էլ միջամտել է Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտելու համար:

Ամփոփելով այդ ամենը, հեղինակն այսպես է ավարտում հոդվածը.- «Բայց դժվար թե հիմնավորված է այն թեզը, թե հավատարմությունը ստանձնած պարտավորություններին և խաղաղապահ բարեգործությանը ենթադրում է սեփական շահերին դեմ գործելու պատրաստակամություն»:

XS
SM
MD
LG