Մատչելիության հղումներ

Վարչապետը Գյումրիում հանդիպեց Խծաբերդում գերեվարվածների հարազատների հետ


Վարչապետն այսօր Գյումրիում հանդիպել է պատերազմից հետո Խծաբերդում գերեվարվածների հարազատների հետ: Թե ինչի շուրջ են մեկ ժամից ավելի զրուցել Նիկոլ Փաշինյանն ու ադրբեջանական գերության մեջ հայտնված շիրակցի պահեստազորայինների հարազատները, ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ էլ ծնողները չբացահայտեցին։ Գերիների հարազատները կտրականապես հրաժարվում են շփվել լրատվամիջոցների հետ, արգելում են նույնիսկ իրենց նկարահանել: Ասում են` չեն ուզում վտանգի տակ դնել Ադրբեջանում գտնվող իրենց զավակներին։

Հանդիպմանը մասնակցած Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ևս շատ չակերտներ չբացեց. «Քանի որ գերեվարվածների թեման շատ զգայուն է, և ցանկացած ինֆորմացիա, որ կարող է հայտնվել լրատվական դաշտում, կարող է մեր հակառակորդի կողմից օգտագործվել, թույլ տվեք որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես վստահեցնում եմ, որ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, և գոնե այսօր ծնողները տեղյակ եղան, թե որ ընթացքից ինչ փուլում են գտնվում, բայց էլի եմ ասում` ցանկացած տեղեկություն, որը հավաստի կլինի կամ ոչ որ լրատվական դաշտում հայտնվում է, ցավոք սրտի օգտագործում են հենց մեր գերեվարվածների դեմ: Սա է պատճառը, որ միգուցե լրատվամիջոցների հետ հաղորդակցումն այս թեմայով շատ ավելի փակ է լինում, և տեղեկատվությունը լինում է սակավ»:

44-օրյա պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտ 62 շիրակցիներ գերեվարվեցին, հարազատները նրանցից շատերին ճանաչել էին ադրբեջանցիների տարածած տեսանյութերում։ Մինչ օրս Ադրբեջանը վերադարձրել է նրանցից 8-ին, թեև մեկ անգամ չէ, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմից հետո գերեվարվածներին պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտներ և չի ցանկանում վերադարձնել։ Նրանց նկատմամբ ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարուցել:

Պատգամավորն ասում է, որ Բաքուն ժնևյան կոնվենցիան է խախտում. «Ժնևի երրորդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ նաև միջազգային ատյաններում մենք իրավական գործընթացներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»:

Ադրբեջանական կողմի հետ գերիների վերադարձի շուրջ բանակցություններ ընթանում են: Նազելի Բաղդասարյանն ասում է, որ այս պահին կարևոր է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 8-րդ կետն ամբողջությամբ իրականացվի. «Գործընթացը շարունակական է և ոչ միայն Խծաբերդի տղաների առումով, այլև ընդհանրապես գերեվարվածների առումով աշխատանք է տարվում ամենատարբեր մակարդակներում տարբեր պետական գերատեսչությունների կողմից և միջազգային ատյաններում: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք հայտարարության 8-րդ կետի ամբողջական իրականացումն ապահովել, և քայլերը հետևողական միտված են դրա հանգուցալուծմանը»:

Թե քանի հայ գերի կա հիմա Ադրբեջանում, հստակ թիվ չկա: Մինչ օրս Հայաստան են վերադարձվել 69-ը:

Մինչև գերիների հարազատների հետ հանդիպումը կրկին դռնփակ ձևաչափով վարչապետը Շիրակի մարզի պաշտոնյաների հետ քննարկել է մարզում և մասնավորապես Գյումրիում իրականացվելիք ծրագրերը. «Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք: Հետագայում կորոնավիրուսի համավարակը և պատերազմը որոշակիորեն փոխեցին իրավիճակը, բայց մենք պետք է հիմա ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել:

Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Հիմա այդ կարգախոսը, որը մենք որդեգրել էինք դեռևս ճգնաժամի նախընթաց շրջանում, հիմա առավել արդիական է հնչում բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եվ խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել էր և սկսվել է, շարունակվում է: Եվ սա շատ լավ դինամիկա է, օրինակ է, որը մենք կարող ենք շարունակել»:

XS
SM
MD
LG