Մատչելիության հղումներ

Փաստաբանը մտավախություն ունի, որ գերիների վերադարձը կվերածվի ձգձգվող մի գործընթացի


Հայ գերիները ռուսական օդանավով վերադառնում են հայրենիք, 14-ը դեկտեմբերի, 2020թ․

Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, և նրանք առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն հայրենիք․ - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այսօր արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են։

Պատերազմի ավարտից հետո Խծաբերդում գերեվարվածներին Ալիևը համարել է «ահաբեկիչ դիվերսանտներ»։ Արման Թաթոյանը սա համարում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։ «Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ», - ընդգծել է Հայաստանի օմբուդսմենը։

Ադրբեջանը կտրուկ հերքելով հայ գերիների փաստը՝ ցանկանում է փակել բանակցությունների էջը, ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Դեռևս Ադրբեջանում պահվում են, ընդ որում՝ ապօրինի են պահվում, ոչ միայն Խծաբերդի միջադեպով գերեվարված անձինք, այլ նաև պատերազմի ընթացքում գերեվերված անձինք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սահակյանը։

Հայկական կողմն անհերքելի ապացույցներ ունի Ադրբեջանում գտնվող շուրջ 200 գերիների մասին։ Ադրբեջանը հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը՝ նրանցից 54-ը Խծաբերդի պահեստազորայիններն են, ևս 16 հոգի՝ զինծառայողներ ու քաղաքացիականներ։

Հենց այս ամսին է Ադրբեջանը մի շարք հաստատումներ ներկայացրել Եվրոպական դատարանին, ինչպե՞ս է այժմ հերքում գերիների փաստը։ Ըստ փաստաբան Սահակյանի՝ Ալիևի մերժողական այս մոտեցումը հետևանք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արած հայտարարության, թե Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա։

«Ինձ համար անթույլատրելի էր հրապարակային դաշտում խոսել ռազմագերիների հարցի սակարկման մասին, որով այդ պետության իմիջը և գործելակերպը հրապարակային քննադատության է ներկայացվում։ Եվ դրան ի պատասխան՝ եղավ ամբողջական ժխտողական մոտեցում», - նշեց Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի կանխատեսմամբ՝ գերիների վերադարձը կվերածվի ձգձգվող մի գործընթացի, արդարության հասնելու միջազգային դատական ճանապարհն էլ երկարատև է։ Գերեվարված անձանց շարքում տարեց մարդիկ կան, կանայք, ըստ փաստաբանների՝ Ադրբեջանի համար տեխնիկական հարց է նրանց էլ դիվերսանտ ներկայացնելը։

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի՝ հինգ գերեվարված կանանց մասին տեղեկություն ունեն, Ադրբեջանը հաստատել է միայն լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվարման փաստը։ Օրեր առաջ էլ Մարալը Բաքվից նամակ է ուղարկել Կարմիր Խաչի միջոցով, ասաց քույրը։ «Մարալը գրել է, որ Ադրբեջանում է, իրեն լավ են նայում։ Ոնց որ ինքը չգիտեր՝ որքան կմնա էնտեղ, և ուզում է շուտ վերադառնա իր զավակներին ու իր ընտանիքին», - փոխանցեց Անի Նաջարյանը։

Որևէ տեղեկություն չկա նոյեմբերի 11-ին Շուշիի ճանապարհից գերեվարված տարեց ամուսինների՝ Էլզա Սարգսյանի ու Բենիկ Ավթանդիլյանի մասին։ Նրանք պատերազմի ավարտից հետո հարազատ տուն՝ Գիշի էին վերադառնում։ Գերեվարվել էին մեքենայի վարորդի՝ Դավիթ Իսահակյանի հետ միասին։ Դավիթը հայ գերիների մի խմբի հետ վերադարձվեց Հայաստան, իսկ նրա ուղևորները՝ տարեց ամուսինները չկան։ Նրանց թոռը՝ Բենիկ Ավթանդիլյանը գերությունից վերադարձած Դավիթից է փորձել տեղեկություն ստանալ։

«Առանձին-առանձին են, էլի, իրանց տարել, ասում ա՝ «ես իրանց հետո չեմ տեսել, ինձ տարել են, իրանց էլ հետո ես չեմ տեսել՝ ուր են տարել»։ Կարմիր Խաչը տեղեկությունը չունի ընդհանրապես, մեկ էլ դատարանը տեղեկություն չի տալիս, էլի, ասում ա՝ չեն հաստատում», - պատմեց Բենիկ Ավթանդիլյանը։

«Բոլոր ռազմագերիների շուտափույթ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է, և այս հարցում բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը», - РИА “Новости”-ին տված հարցազրույցում ասել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Շեշտել է՝ այս մարդասիրական հարցի լուծման ձգձգումը ոչ միայն խորացնում է հայ հասարակության ցավը, այլև ուղղակի մարտահրավեր է ինչպես Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավորի, այնպես էլ՝ միջազգային հանրությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG