Մատչելիության հղումներ

«3-4 անասուն պիտի ծախենք, որ կարողանանք գնանք». Գետք գյուղում չեն կողմնորոշվում՝ ձեռնտու կլինի արտագնա աշխատանքը, թե ոչ


Ռուսաստանը մեկ ամսով՝ մինչև ապրիլի 1-ը, երկարաձգել է հայաստանցիների մուտքի թույլտվությունը, պայմանը կորոնավիրուսի բացասական թեստն է և «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածում գրանցվելը։

Գրեթե մեկ տարվա դադարից հետո հայաստանցիների համար ռուսական օդային սահմանները բացվեցին փետրվարի 1-ից, սկզբում՝ մեկ ամսով։ Ռուսաստան մեկնել ցանկացողների մեծ թվի պատճառով կտրուկ թանկացան ավիատոմսերը և չնայած վերջին օրերին գների որոշակի նվազում է նկատվում, այդուհանդերձ, մեկ տարի արտագնա աշխատանքի չմեկնած խոպանչիների մի մասը դեռ թանկ հաճույք է համարում դեպի Ռուսաստան տոմս գնելը:

Շիրակի մարզի Գետք գյուղի խոպանչիները դեռ չեն կողմնորոշվում՝ այս պայմաններում ձեռնտու կլինի արտագնա աշխատանքը, թե ոչ։

«Պիտի գնանք, բայց հլը նայենք՝ կարա՞նք գնանք, հիմնականում տոմսերի արժեքներն են շատ թանկ, որ հիմիկվա դրությամբ ցանկացած մարդու համար մեծ խնդիր է: 3-4 հատ անասուն ունենք, պիտի դրանք ծախենք, որ կարողանանք գնանք: Դրանք էլ ծախենք, տունը կմնա, գոնե դրանցով յոլա գնացվում է էլի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը:

37-ամյա Արսեն Հարությունյանը 10 տարվա խոպանչու փորձ ունի: Ռուսաստանի ամենացուրտ քաղաքներից մեկը՝ Յակուտսկ աշխատանքի մեկնելու համար տոմս էր գնել, բայց մեկնել այդպես էլ չի կարողացել: Վճարած տոմսի գումարն էլ հետ վերադարձի ենթակա չէ:

«10 տարի ոչ մի խնդիր չեմ ունեցել, էս տարի գնացել եմ, «Զվարթնոց»-ից հետ են ուղարկել՝ Ռուսաստանի Դաշնությունը փակ է: Տոմս գնել էի՝ 520 հազար դրամ, կորավ», - պատմեց Հարությունյանը:

Արտագնա աշխատանքի չգնալու այլընտրանքը գյուղատնտեսությամբ զբաղվելն է: Կյանքի կեսը խոպանում անցկացրած Գևորգ Յուզբաշյանը 2 տարի առաջ որոշել է մնալ գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվել ու այլևս արտագնա աշխատանքի չմեկնել: Սակայն, ասում է, խոպանում աշխատած գումարը ներդրել է, վարկ վերցրել, որ հող մշակի, եկամուտ ապահովի, փոխարենը պարտքեր է կուտակել:

«Եկա այստեղ, ասի՝ նայենք ինչ կարան անենք, հողով մի ձև գտնենք, մի ելք լինի աշխատենք, ընտանիք պահենք, ինչի՞ գնանք ուրիշի հողի մեջ, մեր հողի մեջ: Երկու տարվա մեջ համ ընտանիքիս ապրելակերպը հետ գնաց, համ էլ իմ ընտանեկան բյուջեն 0-ի գնաց: 10 աշխատողներին նորմալ վարձատրումներ արել եմ, ինչ որ Հայաստանի պայմաններում է, իրանց աշխատավարձի չափը վարձատրել եմ, եկել հասել է իմ վերջնահաշվարկի ժամանակ, ես 4 միլիոն 500 հազար դրամ մինուս եմ եղել: Դա էլ սաղ եղել է բանկերով», - ներկայացրեց Յուզբաշյանը:

Հիմա, ասում է, ոչ մնալ հող մշակելն է ձեռք տալիս, ոչ էլ խոպան գնալը: Բայց ուզի թե չուզի գնալու է՝ ընտանիք պահելու խնդիր է. «Չորս անչափահաս երեխա ունեմ, չորս երեխային պահել պետք է լինի, ստեղ ինչո՞վ պահեմ: Ապրելակերպդ ստիպում է քեզ, որ պետք է դուրս գաս, մնամ ստեղ ի՞նչ անեմ»:

Համայնքապետի փոխանցմամբ՝ ավելի քան 500 բնակիչ ունեցող Գետքից ամեն տարի շուրջ 120 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի: Այս տարի դեռ պարզ չէ, թե քանիսին կհաջողվի թանկ տոմսի խոչընդոտը հաղթահարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG