Մատչելիության հղումներ

Ավիաընկերություններում վստահեցնում են՝ տոմսերի արհեստական թանկացումներ չկան․ հարցը ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում է


«Ռոսիա» ավիաընկերության օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, 15-ը հունվարի, 2021թ․

Ավիաընկերությունների գրասենյակների մոտ արդեն քանի օր է հերթերը չեն դադարում։ Ռուսաստան մեկնել ցանկացողներին, սակայն, ոչ այնքան հերթերն են զարմացրել, որքան տոմսերի արագ սպառումն ու դրանց՝ սովորականից մի քանի անգամ բարձր գինը։

«Ամենաթանկ տոմսերն են, ասում, մնացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը։

«250 հազար», - նշեց մեկ այլ տղամարդ։

«217 հազար մենք պարտք ենք արել հենց նոր, որ տոմսն առնենք, եկել ենք հետ, չկա էկոնոմ կլաս, բիզնես՝ 365 հազար», - ասաց մի կին։

Անցած չորեքշաբթի օրը հայտնի դարձավ՝ փետրվարի 1-ից Ռուսաստանը բացում է իր օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Դրանից շատ չանցած՝ Ռուսաստանի ուղղությամբ էժան տոմսերի մեծ մասն արդեն սպառվել էր, ասում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Ակնթարթորեն է սպառվել, այստեղ օրերի խնդիր չի եղել՝ միայն ժամերի խնդիր է եղել, հետևաբար՝ դեռևս մինչև փետրվարի 1-ը արդեն որևէ էժան ավիատոմս շուկայում առկա չէր», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խաչատրյանը։

Ավիատոմսերի շուկայում արհեստական թանկացումներ չկան, պնդում է ավիաընկերության փոխտնօրենը, հիմնավորում, թե նման տպավորություն է ստեղծվել, քանի որ էժան տոմսերն արագ են սպառվել, ու վաճառքում միայն թանկերն են մնացել․ - «Եթե մինչև հունվարի վերջ պահանջարկը քիչ էր, հիմա պահանջարկը ավելացել է, տասնապատկվել է։ Եթե պահանջարկը ավելանում է, հետևաբար՝ ցածր [ գներով] տոմսերը եթե այն ժամանակ կվաճառվեին 7 օրում, 8 օրում, ու մարդկանց մոտ տպավորություն կստեղծվեր, որ, ըհը, էժան ավիատոմս կա, էդ էժան ավիատոմսերը վաճառվել են»։

Գնահատել են՝ մինչ շաբաթավերջ ամբողջությամբ տոմսերը կսպառվեն։ Մինչև փետրվարի ավարտ նախատեսված տոմսերի 99 տոկոսն արդեն վաճառել են։ Ըստ Գևորգ Խաչատրյանի՝ ամենապահանջված ուղղությունը Մոսկվան է, առկա տոմսերն էլ մեծ մասամբ բիզնես դասի են։

Գրեթե նույն իրավիճակն է նաև մյուս ավիաընկերություններում։

Ռուսաստանն իր օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար ժամանակավոր է բացել՝ փորձնական, մինչև մարտի 1-ը։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնել կարող են միայն թռիչքից առնվազն 72 ժամ առաջ իրականացված կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Կորոնավիրուսի պատճառով մնացի ստեղ, չկարողացա գնամ։ Տարին ամեն ամառ աշխատում եմ, ապրում եմ»։ Տիկին Գոհարը հույսը չի կորցնում՝ մինչ այդ հնարավոր է այլ ավիաընկերությունում ավելի էժան տոմս գտնվի, ու մեկ տարվա դադարից հետո վերջապես Մոսկվա մեկնի՝ աշխատելու․ - «Եթե չինի, եթե ես չկարողանամ գնալ, ես չգիտեմ ինչ եմ անելու»։

Արդյոք շուկայում արհեստական թանկացումներ եղել են, թե ոչ՝ հարցը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողի (ՏՄՊՊՀ) ուշադրության կենտրոնում է, վստահեցնում են կառույցից։

XS
SM
MD
LG