Մատչելիության հղումներ

Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հրամանագիրը նախագահը չստորագրեց, ՍԴ-ում վիճարկում է զինծառայության մասին օրենքը


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։

«Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը։ Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները», - ասված է Արմեն Սարգսյանի հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Ակնհայտ է, շեշտում է նախագահը, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը, նշում է Սարգսյանը։

Նախագահը հիշեցնում է՝ իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար, ապա հայտարարում․

«Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով»։

Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ հավատարիմ իր հանձնառությանը՝ շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը վարչապետը նախագահին է ներկայացրել փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Նույն օրը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Փաշինյանը հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։

Նախագահը շաբաթ օրն առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG