Մատչելիության հղումներ

Վարչապետը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, Երևան, 25-ը փետրվարի, 2021թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահ Արմեն Սարգսյանին։ Այդ մասին նա հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ։

«Սիրելի հայրենակիցներ.

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում», - գրում է Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկլավար Արսեն Թորոսյանը, իր հերթին, գրում է․

«Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Հայաստանի նախագահն այսօր առարկություններով ետ ուղարկեց ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը՝ մասնավորապես նշելով․ - «Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:

Սահմանադրության համաձայն՝ առարկությունները չընդունվելու դեպքում նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե ոչ առարկում է, ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում ՍԴ, համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը նախագահին է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նույն օրը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Փաշինյանը հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։ Նա նաև հայտարարեց, որ ժողովուրդը պետք է որոշի` ինքը հեռանա, թե ոչ։

XS
SM
MD
LG