Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի դեպքերը ցավ են բոլորիս համար, հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը


«2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար», - այսօր հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Ըստ նախագահի գրասենյակի, Սարգսյանը նշել է, որ քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:

Նախագահը բոլորին հանդուրժողականության և համերաշխության կոչ է արել:

«Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք: Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար», - հայտարարել է նախագահը:

Նշենք, որ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցվել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

XS
SM
MD
LG