Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Անհետ կորածների հարազատները նրանց հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն Արմեն Սարգսյանին խնդրել են օգտագործել իր միջազգային կապերն ու հեղինակությունը՝ աջակցելու անհետ կորած իրենց հարազատների որոնման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ իր հնարավորությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն ինչ՝ նշելով, որ գերիների ու անհետ կորածների հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են, և նա դրանք բարձրացնում է միջազգային գործընկերների հետ իր բոլոր հանդիպումներում: Հարցը քննարկվել է նաև նախագահ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ օրեր առաջ կայացած հանդիպմանը: «Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ պարոն Թաթոյանի հետ միասին դիմելու ենք միջազգային տարբեր ինստիտուտների՝ թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների հարցերով: Ամեն հնարավոր ճանապարհով աշխատելու ենք: Ադրբեջանը մեր վիրավոր կամ առողջ գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի, դա անթույլատրելի է», - հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Առողջապահության նախարարը, օմբուդսմենը և ՊՆ ներկայացուցիչը ներկայացրել են անհետ կորածների որոնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Նախագահը նրանց առաջարկել է պարբերաբար անհետ կորածների հարազատներին տեղեկացնել կատարվող աշխատանքների ու իրավիճակի մասին: «Ես խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ ամեն ինչով, իմ հնարավորությունների սահմաններում աջակցել», - ասել է Սարգսյանը՝ առաջարկելով, որ նրանք կապի մեջ լինեն նաև նախագահական ինստիտուտի հետ։

Նախագահը պատասխանել է նաև անհետ կորածների հարազատների հարցերին, լսել նրանց մտահոգությունները, տեսակետներն ու առաջարկությունները:

XS
SM
MD
LG