Մատչելիության հղումներ

Մոսկվայում տագնապով են հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ երթ է իրականացնում Երևանում, 25-ը փետրվարի, 2021թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ երթ է իրականացնում Երևանում, 25-ը փետրվարի, 2021թ.

«Հայաստանում ծավալվող իրադարձությունների զարգացմանը Կրեմլում տագնապով են հետևում», - Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի և Նիկոլ Փաշինյանի հակադարձող հայտարությունների հրապարակումից մոտ մեկ ժամ անց այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` իրադրությունը Հայաստանում «պետք է մնա սահմանադրական դաշտում, և կողմերը պետք է հանդարտություն պահպանեն»։

«Տեղի ունեցողը մենք համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործը», - հայտարարել է Պեսկովն այսօր մոսկվացի լրագրողների հետ զրույցում` նաև հիշեցնելով. «Հայաստանը Անդրկովկասում [Ռուսաստանի] շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է»։

Դմիտրի Պեսկովը, սակայն, անպատասխան է թողել լրագրողներից մեկի այն հարցը, թե արդյոք Մոսկվան կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանում ծագած ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը միայն հիշեցրել է, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և հետխորհրդային տարածքում գործող մի շարք ինտեգրացիոն միավորումների անդամ է։ Բացի այդ, ըստ Կրեմլի մամուլի խոսնակի. «Այժմ շատ կարևոր մի խնդիր կա` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ մի քանի ամիս առաջ ընդունված եռակողմ համաձայնագրի դրույթների հետագա կատարումը»։

Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանում իրադրության սրումից հետո երկու երկրների իշխանությունների միջև շփումներ չեն եղել։

«Առայժմ շփումներ չեն եղել։ Բայց դուք գիտեք, որ Մոսկվայի և Երևանի միջև այդ շփումները անհրաժեշտության դեպքում բավական օպերատիվ կերպով կազմակերպվում են», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանցի լրագրողները Դմիտրի Պեսկովին հարց են ուղղել նաև Նիկոլ Փաշինյանի՝ ռուսաստանյան «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ հայտնի հայտարարությանը Կրեմլի վերաբերմունքի մասին։ Այս մի հարցին ի պատասխան` Պեսկովը, ըստ «ՏԱՍՍ» գործակալության, բառացիորեն ասել է. «Մենք դա թողնում ենք առանց մեկնաբանության։

Պեսկովը, սակայն, հարկ է համարել հավելել. «Ռուսաստանյան [ռազմական] տեխնիկան աշխարհի տարբեր կետերում բազմիցս ի ցույց է դրել իր արդյունավետությունը»։

Հայաստանում ստեղծված կացությանն անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության անանուն աղբյուրը միայն փոխանցել է, որ տեղի ունեցողը «Հայաստանի ներքին գործն է»։

Հայաստանում ծավալված իրադարձություններին անդրադառնում են նաև ռուսաստանցի խորհրդարանականները։

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հետ զրույցում նշել է. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը,[իրադարձություններին] բնականաբար, հետևում ենք տագնապով, եղբայրական հայ ժողովրդին շուտափույթ կայունություն ենք մաղթում՝ Սահմանադրության և գործող օրենսդրության հիմքի վրա»:

Կոսաչևը հատուկ ընդգծել է, որ ռուսաստանցի խորհրդարանականները կապի մեջ են իրենց հայաստանցի գործընկերների հետ։

XS
SM
MD
LG