Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է ուշադրությամբ հետևել հայաստանյան զարգացումներին


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Ռազմական հեղաշրջման տարրերից ոչ մեկը Պետդեպարտամենտը Հայաստանում չի տեսել:

Պաշտոնական Վաշինգտոնը երեկ` մեկ օրում արդեն երկրորդ անգամ, դիմել է հայաստանյան ուժերին` հորդորելով զսպվածություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը: Երևանում ԱՄՆ դեսպանատան հորդորից հետո, մասնավորապես, նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Պետդեպարտամենտը:

«Ի՞նչ է կատարվում Հայաստանում, արդյո՞ք Դուք կարծում եք, որ, ինչպես վարչապետն է ասել, այնտեղ ռազմական հեղաշրջման փորձ է եղել, և սատարո՞ւմ եք արդյոք նրան որպես վարչապետ», - հարցրել է լրագրողներից մեկը Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսին:

«Մենք, անշուշտ, տեղյակ ենք վերջին զարգացումներից և հորդորում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրող ցանկացած գործողությունից կամ բռնությունից: Բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության հիմնարար սկզբունքը` զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Միացյալ Նահանգները կայուն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Եվ մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և հորդորում ենք նրա առաջնորդներին իրենց տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով՝ հարգելով օրենքի գերակայությունը, Հայաստանի ժողովրդավարությունը և նրա ինստիտուտները», - հայտարարել է Փրայսը:

Լրագրողը ճշտող հարց է տվել` ինչպե՞ս է Պետդեպարտամենտը գնահատում ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը և արդյո՞ք այն դիտարկում է որպես ռազմական հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ:

Պետքարտուղարության խոսնակը հարցը դիտարկել է միայն հեղաշրջման և ոչ թե դրա փորձի համատեքստում ու պնդել, թե Հայաստանում տեղի ունեցողը չի համապատասխանում coup d'état-ի չափորոշիչներին, որոնք կիրառվում են Պետդեպարտամենտի կողմից. - «Ինչպես գիտեք, Պետդեպարտամենտը հատուկ գործընթաց ունի` որոշելու` արդյոք ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Փետրվարի 1-ին, երբ Բիրմայի ժողովրդավարական քաղաքացիական ղեկավարությունը տապալվեց զինվորականների կողմից, մենք տեղի ունեցածը գնահատեցինք որպես զինվորական հեղաշրջում: Ես այն ժամանակ հայտարարեցի, որ այդ բնորոշումը տալու համար Պետդեպարտամենտը ունի երեք չափորոշիչ: Այս դեպքում, անշուշտ, այդ չափորոշիչներից որևէ մեկը չկա»:

Ամսվա սկզբին Բիրմայում տեղի ունեցածից հետո Պետդեպարտամենտը հայտարարել էր` զինվորական հեղաշրջում է համարում, երբ որևէ երկրի ընտրյալ առաջնորդ կամ կառավարություն տապալվում է զինվորականների կողմից կամ հրամանի օգնությամբ, որի կայացման գործում զինուժը ունեցել է վճռական ազդեցություն: Այս տարրերից որևէ մեկը, ըստ Պետքարտուղարության խոսնակի, Վաշինգտոնը Հայաստանում չի տեսել:

«Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Նեդ Փրայսը:

XS
SM
MD
LG