Հայաստանի դատախազությունը 2020-ին քաղաքացիներից ստացել է 10 հազար 435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019-ի համեմատ․ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020-ի ընթացքում դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները:
Ըստ հաղորդագրության,1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2 հազար 862 իրավական անհրաժեշտ պարզաբանում:
Զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում:
Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:
Դատախազությունը նշում է, որ 2020-ին ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3 հազար 045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:
Կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են: