Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ԵՄ որոշումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Եվրամիության որոշումը։ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն, այս ուղերձը պետքարտուղար Էնթոնի Բլինքենն երեկ անձամբ է փոխանցել եվրոպացի գործընկերներին՝ տեսակապի միջոցով մասնակցելով նրանց գագաթնաժողովին։

«Սահմանափակումները գործի են դրվում ի պատասխան մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու և նրա աջակիցների ձերբակալության», - պարզաբանել էր Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը։ - «Նավալնու հարցով մենք եկանք քաղաքական համաձայնության՝ կոշտ միջոցներ սահմանել այն պաշտոնյաների հանդեպ, որոնք պատասխանատու են նրա ձերբակալության, կալանքի ու քրեական հետապնդման համար։ Այդ նպատակով, առաջին անգամ պատմության մեջ, մենք կգործարկենք Եվրամիության մարդու իրավունքների պաշտպանության ռեժիմը»։

Թե կոնկրետ ում դեմ են լինելու պատժամիջոցները, ԵՄ արտգործնախարարը չհստակեցրեց։ Լրատվամիջոցները, սակայն, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, պնդում են, թե այս փուլում սև ցուցակում են Ռուսաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ու Ռոսգվարդիայի հրամանատար, նախագահ Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ով տարիներ առաջ հրապարակավ բռնության կոչեր էր հնչեցրել Նավալնու հասցեին ու խոստացել նրանից «համեղ բիֆշտեքս սարքել»։ Ըստ հաղորդումների, պատժամիջոցների տակ հայտնված այս անձինք կզրկվեն Եվրամիության տարածք մտնելու իրավունքից, նրանց հաշիվներն էլ կսառեցվեն։

«Արտգործնախարարների խորհրդում բոլորն էին համակարծիք, որ Ռուսաստանը շարժվում է դեպի բռնապետական պետություն և հեռանում է Եվրոպայից։ Արտգործնախարարները միահամուռ էին Ռուսաստանի վերջին քայլերը մեկնաբանելու հարցում, որոնցից դատելով՝ Մոսկվան հստակ ընդգծում է, որ հետաքրքրված չէ Եվրամիության հետ համագործակցությամբ։ Ճիշտ հակառակը՝ թվում է, թե Մոսկվան առավել շահագրգռված է խորացնել տարաձայնություններն ու դիմակայությունը Եվրամիության հետ», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Բորելի խոսքով, այսուհետ Բրյուսելը մտադիր է Կրեմլի հետ հարաբերությունները զարգացնել երեք ուղղություններով՝ հակազդեցության, զսպման ու համագործակցության։ «Մենք հակահարված կտանք այնտեղ, որտեղ Ռուսաստանը կոտնահարի միջազգային նորմերն ու մարդու իրավունքները, կզսպենք, երբ Ռուսաստանը կփորձի ավելացնել ճնշումը մեր նկատմամբ, այդ թվում՝ ապատեղեկատվության ու հաքերային հարձակումների միջոցով, և կհամագործակցենք այն ոլորտներում, որտեղ ունենք ընդհանուր հետաքրքրություն», - երեկ մանրամասնել է ԵՄ բարձրագույն հանձնակատարը։

Շաբաթներ առաջ նույն շեշտադրումներով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին էր խոսել նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։

Ռուսաստանի արտգործնախարարությունն ի պատասխան երեկ հայտարարել է՝ Եվրամիության պատժամիջոցներն անընդունելի են, Նավալնուն ազատ արձակելու պահանջները՝ անհեթեթ։

Ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սպառնացել էր, թե Մոսկվան կխզի հարաբերությունները Եվրամիության հետ, եթե դաշինքը խստացնի սահմանափակումները Ռուսաստանի հանդեպ։ Այս հեռանկարի մասին, սակայն, ՌԴ արտգործնախարարության վերջին հայտարարության մեջ որևէ բան չի ասվում։

XS
SM
MD
LG