Մատչելիության հղումներ

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն


Արա Սաղաթելյանը, արխիվ
Արա Սաղաթելյանը, արխիվ

Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), հայտնում է Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում նաև նշել է, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի աշխատասենյակը և հարակից երկու այլ աշխատասենյակներ:

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ` քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել է առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է», - գրել է Ենոքյանը:

ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Ազատության» հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Գոռ Միքայելյանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

ԱԱԾ-ն դեռևս պարզաբանումներ չի տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG