Մատչելիության հղումներ

Ըստ Ստեփան Սաֆարյանի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երբեք արցախյան հակամարտության կարգավորման կողմնակից չեն եղել


Իրականում Հայաստանի ո՛չ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք կողմնակիցը չեն եղել հակամարտության կարգավորմանը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։

Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ երկու նախագահներն էլ թեև այսօր փորձում են իրենց ներկայացնել, թե երբեք չեն եղել ոչմիթիզական, բայց, ըստ Սաֆարյանի, իրականության մեջ եղել են ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ։

Սաֆարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանն ասում է, թե համաձայնել էր մնալ վարչապետ, որ լուծի ղարաբաղյան խնդիրը և չթողնի այդ բեռը հաջորդ սերունդների ուսերին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Ստեփան Սաֆարյան․ - Այդ հայտարարությունն անկեղծ չէ իրականում։ Իրականում Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբեք կողմնակիցը չեն եղել հակամարտության կարգավորմանը՝ գիտակցելով, որ փոխզիջումային տարբերակը, որոնք նրանք քննարկել են ամենատարբեր տարիներին, կլիներ դա ընդհանուր պետությունը՝ 98-99 թվականներին, կլիներ դա Մեղրիի տարբերակը, կլիներ՝ մադրիդյան առաջարկները, դրանք ամենևին չեն բխել իրենց շահերից, որովհետև 98 թվականին նրանք իշխանության եկել են և, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրել են իշխանությունից՝ առավելապաշտական հիմնավորումներով։ Բայց այսօր կրկին երկու նախագահներն էլ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը փորձում են իրենց ներկայացնել, թե փոխզիչման դաշտում են եղել և երբեք չեն եղել ոչ մի թիզական, այն դեպքում, երբ նրանք իրականության մեջ եղել են ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ։ Այսինքն՝ երկու նախագահների ամբողջ ռազմավարությունը եղել է ընդամենը իր պաշտոնավարման շրջանում՝ տասը տարի շարունակ այս իրավիճակը պահպանել։

Եթե մենք նայում ենք պաշտպանական քաղաքականություններին, նայում ենք արտաքին քաղաքականությանը, որ վարել են նրանք, այդ ամբողջը եղել է, ոչ թե փոխզիջումային դաշտում կարգավորման մասին, այլ ստատուս քվոն ձգձգելու մասին։ Բայց հիմա ինչո՞ւ են խուսափում նրանք հայտարարել դրա մասին, որովհետև թվում է, թե կարծեք վատ բան չէ, եթե նույնիսկ ուզեցել են ստատուս քվոն պահպանել, որովհետև ստատուս քվոյի պահպանությունն ակնհայտորեն կապ ունի պատերազմը հետաձգելու և պատերազմն, այսպես ասած, այլ իշխանության գրպանը գցելու իրողության հետ։ Այսինքն՝ եթե նրանք հայտարարեն, որ իրենք ձգձգել են խնդրի կարգավորումը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հենց դա ակնակրեց, որ այ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, ապա պատերազմը հնարավոր չէր լինի այս իրավիճակում։ Իսկ հասարակությունը միանգամայն լավ գիտի, որ ստատուս քվոյի փոփոխության հարցում շահագրգիռ է դարձել Ռուսաստանը և նույն պատերազմի օրերին Ռուսաստանի ղեկավարության՝ և՛ նախագահի, և՛ արտաքին գործերի նախարարի հայտարարությունները վերաբերել են նրան, որ «մենք ստատուս քվոյի պահպանման կողմնակիցը չենք»։ Լավրովը և Պուտինը դրա մասին հայտարարել են բացահայտ և ասել են՝ «մենք վաղուց գտել ենք, որ այդ 7 տարածքները պետք է հանձնվեր»։

Հիմա Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն կարող ասել, որ իրենք ամենատարբեր հնարքներով ուղղակի հետաձգել են էդ ամեն ինչը, և, ըստ էության, հաստատեն հասարակության ներսում առկա այն վարկածը, որ այդ երկու նախագահների օրոք ուղղակի պատերազմի հետաձգման և լուծման հետաձգման պատճառով պատերազմն ուղղակի տեղափոխվել է ընդամենը 2020 թիվը։ Ահա սրանից են անհանգստանում, և Սերժ Սարգսյանը փորձում է իրեն ներկայացնել որպես փոխզիջումային լուծման կողմնակից, բայց, ներեցիք, փաստերը կրկին այլ բանի մասին են խոսում, որովհետև առնվազն 2011 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը բանակցեց կազանյան տարբերակը և համաձայնություն տվեց, Սերժ Սարգսյանը հայտնի չէ իր որևէ ելույթով հասարակության առջև, որտեղ ինքը փորձեր լուծման այդ տարբերակը ներկայացնել հանրությանը։ Սա թերևս բան է ասում, որովհետև Սերժ Սարգսյանը երբեք այդպիսի զրույց հասարակության հետ չի ունեցել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG