Մատչելիության հղումներ

Սարգսյանը հայտարարում է՝ վարչապետի պաշտոնին մնաց, որ իրականացներ ԼՂ կարգավորման «լավրովյան» տարբերակը. արձագանքներ


2018-ին ժողովրդական ճնշմամբ հրաժարական տված Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ 10 տարվա նախագահությունից հետո էլ վարչապետի պաշտոնին մնաց, որ իրականացներ ղարաբաղյան հարցի կարգավորման «լավրովյան» տարբերակը, ինչը, նրա գնահատմամբ, մերժել են այս իշխանությունները։

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը մանրամասնել է, թե Լավրովյան փաստաթուղթը «Մադրիդյան սկզբունքների» մոդիֆիկացված տարբերակն էր, որը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը առաջարկել էր համանախագահների անունից՝ Ադրբեջանը ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշեր Ղարաբաղի բնակչությունը՝ առանց հանրաքվեի կոնկրետ ժամկետի, Ադրբեջանին էին վերադարձվում 5 շրջանները։ Մյուս երկուսի՝ Լաչինի ու Քելբաջարի վերադարձը, ըստ Սերժ Սարգսյանի, սերտորեն կապված էր լինելու հանրաքվեի անցկացման ժամկետների հետ։

«Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել», - նշել է Հայաստանի երրորդ նախագահը

«Սերժ Սարգսյանը ուզում էր մնալ իշխանության, ոչ թե լուծել Ղարաբաղի հարցը», - երրորդ նախագահին հակադարձում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը: «Եթե ուզում էր այդ թուղթը ստորագրեր, ինչո՞ւ չէր ստորագրում 2018-ի մարտին, փետրվարին, հունվարին, 17-ի դեկտեմբերին, նոյեմբերին, սեպտեմբերին, օգոստոսին և այդպես շարունակ», - նշեց Ռուբինյանը:

Իր հարցազրույցում Սարգսյանը հերքել է Փաշինյանի «վատ ժառանգություն ստանալու» մասին հայտարարությունները, թե բանակցային գործընթացը ժառանգել է մի կետում, երբ առաջնահերթություն է եղել տարածքների հանձնումը՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: «Ինձ կարող են չհավատալ, արդյոք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին»,- Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հայտարարություններին հղում անելով՝ Սարգսյանը հայտարարել է՝ նա պայթեցրել է այդ փուչիկը։

«Բանակցությունները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էր, ինչը անհեթեթություն է: Մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 18 թվականի ապրիլի 23-ը», - նշել է Սարգսյանը:

Իշխող «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ Սարգսյանն իր հարցազրույցով հաստատել է Փաշինյանի հայտարարությունները. 2018-ին, կարծում է, նա պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը թողնվեր անորոշ ապագային։ «Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց»,- եզրակացնում է նա։

«Սերժ Սարգսյանը հաստատում էր, որ ինքը պատրաստ էր ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի տարածքները հանձնվելու են առանց երաշխավորման կարգավիճակի: Երկրորդը՝ փաստացի Սերժ Սարգսյանը հաստում էր, որ դա փուլային տարբերակ էր: Նույնիսկ հակասություն կա իր հարցազրույցի մեջ, որովհետև մեկ կետում փորձում է բացատրել, որ նա երբևէ փուլային տարբերակի չի համաձայնվել», - ասաց Ռուբինյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ֆեյսբուքում է հարց հնչեցրել՝ եթե հնարավոր բոլոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին, ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում այն ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա։

«Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։ Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին», - նշել է Մարուքյանը։

Սարգսյանը գործող իշխանություններին մեղադրեց իրենց ձեռքբերումներից հրաժարվելու, բանակցային պատմության մասին Ալիևից տեղեկանալու մեջ, 2018-ին տեղի ունեցածը «հակաղարաբաղյան շարժում» որակեց, պնդեց՝ ինքը երբեք ոչմիթիզական չի եղել՝ 1,5 ժամ տևած հարցազրույցի ողջ ընթացքում այդպես էլ չտալով Նիկոլ Փաշինյանի անունը։

Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ փուլային լուծմանը դեմ Քոչարյանն ու Սարգսյանը 98-ից հանրությանը քարոզել են, որ հող հանձնելը դավաճանություն է, բայց 20 տարի բանակցել են տարածքները վերադարձնելու հարցը։

«Սերժ Սարգսյանն իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում և իր թիմը կապիտալիզացրել են Արցախի հարցը և դրա շուրջ եղած հույզերը: Սրա ապացույցն այն է, որ նրանք 20 տարի քարոզել են մի բան, բանակցել են մի բանի շուրջ և փաստորեն պատրաստ են եղել անել մեկ այլ բան», - նշեց Ռուբինյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «ներկայիս իշխանություններ էլ, չէ՞, փոխզիջումների մասին խոսում էր, բայց բացեիբաց ժողովրդին չէր ասվում, որ պետք է հողերը հանձնվեն», Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե, չէր ասվում, մեր բոլոր դիրքորոշումները անկեղծ մենք հայտնել ենք, մենք չենք արել մի բան և եկել խոսել մեկ այլ բանի մասին, սա է տարբերությունը»:

Սերժ Սարգսյանը մոտ երեք տարի անց որոշեց հայտարարել՝ ինքը Կարեն Կարապետյանին է իշխանությունը հանձնել, հերքեց, թե գործող վարչապետը իր պրոյեկտն է, բայց այդպես էլ չպատասխանեց հարցին՝ ինչ նկատի ուներ, երբ հրաժարականի տեքստում գրել էր «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Որպես իր խոսքերի ապացույց Կարեն Կարապետյանի հետ զրույցից մանրամասներ էր պատմում, թե նրան ասել է՝ «հանգուցալուծումը կարող է լինել իր հեռանալով, պատրա՞ստ է այդ իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա»։ Նա էլ, ըստ Սերժ Սարգսյանի, անմիջապես դրական պատասխան է տվել։

«Կարապետյանը նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս», - նշել է Հայաստանի երրորդ նախագահը:

Ռուբեն Ռուբինյանը չի բացառում՝ Սարգսյանը փորձում է արդարանալ. «Թերևս իրենք ինչ-որ ներթիմային ճշգրտումների կարիք ունեն իրա մեջ, դրա համար է Սերժ Սարգսյանը խոսել դրա մասին»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարուքյանը նկատել է՝ 2018-ին ոչ վարչապետի առաջին, ոչ էլ երկրորդ ընտրության ժամանակ խորհրդարանում ամենաշատ ձայներ ունեցող Հանրապետականը վարչապետի պաշտոնում չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը, այդ թվում՝ մի խումբ հանրապետականների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց. «ըստ այդմ՝ Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին»։

XS
SM
MD
LG