Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը ժամանել է Թեհրան


Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի-Աքբար Սալեհին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, Թեհրան, 21-ը փետրվարի, 2021թ.

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեկ ժամանել է Թեհրան, որտեղ այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի-Աքբար Սալեհիի հետ:

Բանակցությունների օրակարգում տեսչական այցերի խնդիրն է: Թեհրանը հայտարարել է, որ գալիք երեքշաբթի օրվանից՝ փետրվարի 23-ից, կսահմանափակի միջուկային կառույցներ 2015 թվականի միջուկային պայմանագրով նախատեսված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների այցերի թիվն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները չթուլացնի պատժամիջոցները:

Իրանը միաժամանակ ընդգծել է, որ չի խզելու համագործակցությունը ՄԱԿ-ի գործակալության հետ և չի արտաքսելու տեսուչներին, այլ ընդամենը կրճատելու է այցերի թիվը:

Իրանը և վեց գերտերությունները 2015 թվականին կնքել են պատմական նշանակության միջուկային պայմանագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել ուրանի հարստացումը: Դրան ի պատասխան միջազգային համայնքը պետք է աստիճանաբար չեղարկեր պատժամիջոցները:

Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել այդ պայմանագրից, ինչից հետո Թեհրանը հայտարարել է, որ կվերականգնի ուրանի հարստացումը:

Թրամփին նախագահի պաշտոնում այս տարվա հունվարից փոխարինած դեմոկրատական Ջո Բայդենը նկատել է տվել, որ պատրաստ է վերադառնալ 2015 թվականի պայմանագրին: Սպիտակ տունը հաղորդել է, թե Եվրոպական միությունը քննարկում է Իրանի և վեց միջազգային գերտերությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիները:

XS
SM
MD
LG