Մատչելիության հղումներ

Ապօրինի զենքի գործով բացահայտվել է ևս մեկ անձի ինքնությունը․ ԱԱԾ-ը դատարան է դիմել Քաշաթաղի փոխոստիկանապետի կալանքի համար


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Արցախից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և ՀՀ ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի նախաքննությամբ կատարված հետագա քննչական և դատավարական ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել փամփշտատուփ` 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ: Նշված ռազմամթերքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբեր մաս-մաս, ապօրինի փոխադրել և պահել է իր ծանոթ Ս.Գ.-ի՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող բնակարանի օժանդակ կառույցներում՝ դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով: «Իսկ շրջանառությունն արգելված իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու և ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք, ըստ այդմ՝ նպատակ ունենալով արհեստական ուռճացնել ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները և հասարակության ու ղեկավարության մոտ ստեղծել ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք՝ անտեսելով նույն ժամանակահատվածում ընթացող թեժ մարտական գործողությունների մասնակիցների՝ զենք-զինամթերքով ապահովված լինելու օրհասական անհրաժեշտությունը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

Ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը հայտնաբերվել և վերցվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ընդ որում, շարունակում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Ա.Բ.-ն իր կողմից ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս.Բ.-ին, ով իր հերթին հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգները փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ:

Ա.Բ.-ն անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ», և 309-րդ հոդվածի 1-ին մասով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը», և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական գործով շարունակվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումները մարտի դաշտից ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ ԱԱԾ-ը հաղորդել էր իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հանցավոր խումբ բացահայտելու մասին։


XS
SM
MD
LG