Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու առթիվ 50 քրեական գործ է քննվում


Արցախից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու, իրացնելու առթիվ 50 քրեական գործ է քննվում, 12 անձի մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ըստ դատախազության, արձանագրվել է Արցախի պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ (զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը) հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

Բոլոր քրեական գործերը դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվել են նախաքննության փուլում: Դեկտեմբերի 1-ի դրությամբ 52 դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվել է:

Համաձայն հաղորդագրության, նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում թշնամու դեմ կիրառելու համար: Թաքցվելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում՝ զենք-զինամթերքը (հիմնականում հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարք հանդիսացող նռնակներ, սառը զենք հանդիսացող սվին-դանակներ) ապօրինի կերպով տեղափոխվել կամ փորձ է արվել տեղափոխել Հայաստան` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Այդ զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել են հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ քննվող նշված քրեական գործերով 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (1-ի նկատմամբ կալանավորումը հետագայում վերացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից), 3-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ դատախազությունը, այն քաղաքացիներին, որոնք կարող են ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Արցախից Հայաստան ապօրինի տեղափոխած լինել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր՝ կոչ է անում դրանք ինքնակամ հանձնել ՀՀ ոստիկանություն, ինչը համապատասխան հիմքերի դեպքում, հանգեցնում է քրեական պատասխանատվությունից ազատվելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG