Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հաղորդում է, որ բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հանցավոր խումբ


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հանցավոր խումբ:

Ըստ հաղորդագրության, մասնավորապես, Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ն 2020-ի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի դեմ սկսված պատերազմական գործողություններին, մի շարք անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, որոնք Արցախից փոխադրել և պահել է Երևանում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020-ի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:

ԱԱԾ-ն նշում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ կատարված միջոցառումների արդյունքում, մասնավորապես՝ Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և շրջանառությունն արգելված այլ իրեր:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս.Բ.-ին հրազեններ իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված բազմատեսակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, ինչպես նշում է ԱԱԾ-ն, Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված ռազմամթերք հանդիսացող մեծաքանակ փամփուշտներ, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

Մասնավորապես, ըստ ծառայության, հայտնաբերվել են մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստանի ապօրինի տեղափոխած ընդհանուր թվով 43 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, 279 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 7 հատ փամփշտատուփ` լիցքավորված 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, 23 հատ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամուշտներով, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, 1 հատ փամփշտատուփ՝ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փակ տուփերով փոքր չափերի փամփուշտներ, ինքնաձիգների նշանառության համար նախատեսված օպտիկական սարքեր, որսորդական հրացաններ, 227 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, որսորդական հրացանի փողեր և այլն:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Միաժամանակ ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք հանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG