Կառավարությունն ընդլայնել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:
Աջակցության միջոցառումից օգտվելու համար նախարարությունը նշում է, որ փաստաթղթերը՝ սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը, հիվանդության էպիկրիզի պատճենը, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը, հեռախոսահամարը, բնակության հասցեն պետք է ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Անցած տարեվերջին էլ Կառավարությունը հաստատեց՝ պատերազմի հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները, մինչև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալը, 300 հազար դրամի չափով աջակցություն կստանան: